Նալբանդյան 106/1 հասցեում իրականացվող քաղաքաշինական ծրագրի հետ կապված Երևանի քաղաքապետարանում տեղի է ունեցել Երևանի գլխավոր ճարտարապետ Նարեկ Սարգսյանի արդեն երրորդ հանդիպումը Նալբանդյան 106/1 հասցեի հարակից շենքերի բնակիչների և նրանց ներկայացուցիչների հետ։
Քննարկմանը ներկա են եղել նաև ԱԺ «Ժառանգությունե խմբակցության ղեկավար Ստեփան Սաֆարյանը, կուսակցության մամլո խոսնակ Հովսեփ Խուրշուդյանը։
Նարեկ Սարգսյանի կողմից ներկայացվող նախագծային տարբերակի վերաբերյալ քննարկման արդյունքում բնակիչների կողմից մասնակի լրացումներ և առաջարկություններ են եղել, որոնք ընդունվել են։
Որոշվել է լրամշակված տարբերակը, արդեն որպես ցուցավահանակ, տեղադրել շինհրապարակում՝ հանրության իրազեկման նպատակով: Բնակիչները, նախագծային այս տարբերակի հետագա փոփոխություններից խուսափելու նպատակով, բարձրացրել են նաև երաշխիքների հարց։
Գլխավոր ճարտարապետը տեղեկացրել է, որ վերջին տարբերակի վերաբերյալ (որը նախատեսում է նախկինում 16 հարկանի շենքերի փոխարեն հարկայնության կտրուկ կրճատում, բակային տարածքների ավելացում) կառուցապատողի կողմից համաձայնության ստացումից հետո առաջիկա օրերին ցուցավահանակը կտեղադրվի շին. հրապարակում:
Այնուհետև Ստեփան Սաֆարյանը և Հովսեփ Խուրշուդյանը գլխավոր ճարտարապետի հետ քննարկել են Կոմիտաս 5 հասցեում նախկինում համաձայնեցված խնդրահարույց շինարարության հարցը: Նարեկ Սարգսյանը հավաստիացրել է , որ այստեղ ևս նախագծային փոփոխությունների միջոցով խնդրին լուծում տալու հնարավորություն է տեսնում։
Որոշվել է շարունակել կառուցապատողի հետ քննարկումը և առաջիկա օրերին անդրադառնալ տարածքի կառուցապատման արդեն փոփոխված տարբերակի քննարկմանը:









































