«Երկխոսության նշաձողը պետք չէ այդքան ներքև իջեցնել»,- «Առաջին լրատվականի» հետ զրույցում անդրադառնալով ՀԱԿ երիտասարդների ձերբակալությունից հետո ՀԱԿ անդամների կողմից հնչող հայտարարություններին, թե երկխոսությունն այլևս իմաստ չունի շարունակել՝ կարծիք հայտնեց ՀՀԿ-ական պատգամավոր Հովհաննես Սահակյանը:
Նրա խոսքով՝ երկխոսության դադարեցման համար կարող է ծառայել ցանկացած լուրջ առիթ, բայց, իր գնահատմամբ, ՀԱԿ յոթ ակտիվիստների ձերբակալությունը այն առիթը չէ, որը պետք է երկխոսության դադարեցման պատճառ հանդիսանա: Սահակյանը համոզված է, որ ՀԱԿ երիտասարդները խախտել են հասարակական կարգը, և այդ հարցով պետք է զբաղվեն ոստիկանությունն ու իրավապահները:
Սահակյանն ընդգծեց, որ իրենց (իշխանությունների) պատկերացմամբ երկխոսությունն այն է, երբ կան խնդիրներ և դրանց նկատմամբ տարբեր վերաբերմունք, տարաձայնություններ, ու այդ դեպքում «դրանք պետք է բերել մեկ ընդհանուր կաթսա, այնտեղ եփել և ստանալ մեկ ընդհանուր լուծում»:










































