Եվրոպական հանձնաժողովի հարևանության և ընդլայնման հարցերով հանձնակատար Օլիվեր Վարհեին , որ ռեգիոնալ այցով ժամանել է Կովկաս, Երևանում հայտարարել է Հայաստանի համար 2,6 միլիարդ դոլարի ֆինանսական փաթեթի մասին, որ նախատեսված է Արևելյան գործընկերության Տնտեսական և ներդրումային պլանով: Այդպիսով, Եվրահանձնակատարը փաստորեն հայտարարել է, որ արդեն իսկ հայտնի 1,5 միլիարդ Եվրոյի աջակցությունից բացի, Հայաստանն այլ տարբերակներով կստանա նաև ավելի քան մեկ միլիարդ եվրո լրացուցիչ աջակցություն: Խոսքն ըստ ամենայնի վարկային պորտֆելի մասին է, եթե նկատի առնենք և այն, որ Եվրահանձնակատարը Վրաստանում էլ խոսել էր այդ երկրի համար նախատեսված 1 միլիարդ 175 միլիոն եվրոյի աջակցության դրամաշնորհային փաթեթից բացի, տրամադրել նաև մոտ 3 միլիարդ դոլարի վարկային ռեսուրս: Ասել այն մասին, որ 2,6 միլիարդ եվրոն, առավել ևս ավելի քան 1,5 միլիարդը դրամաշնորհային տրամաբանությամբ, Հայաստանի համար ահռելի թիվ է տնտեսական և քաղաքական էֆեկտի հսկայական ներուժով: Սակայն, այստեղ բացի դրա օգտագործման էֆեկտիվության խնդրից, որը պահանջելու է ներքին կառավարման գրագետ արդյունավետություն, կարևորագույն հարց է նաև պլանը, մտադրությունը գործնական որոշում դարձնելն ու իրագործում սկսելը:
Ավելորդ է ասել, պատկերացնել, թե Հայաստանի համար այդ հնարավորությունների դեմ ինչպիսի աշխատանք են սկսելու այն երկրները, որոնք շահագրգռված չեն թե Հայաստանի եվրաինտեգրացիայով ընդհանրապես, թե ինքնիշխանության ներուժի վերականգնումով մասնավորապես: Այդ հարցում սակայն կա մի էական խնդիր: Եվրամիությունն ինքը քաղաքական իմաստով պետք է պատասխանատու լինի իր մտադրության և պլանների համար, միաժամանակ այդ պատասխանատվությունը դիտարկելով նաև «երրորդ երկրներից» բխող խոչընդոտներն ու խնդիրները չեզոքացնելու դաշտում: Ի վերջո, ինչպես առիթ եմ ունեցել ասելու մեկ անգամ, շատ կարևոր է, որ Եվրամիությունը Հայաստանը չթողնի մենակ, ինչպես թողեց 2013 թվականին:
Ի վերջո, կասկածից վեր է, որ այդօրինակ հարցերում եղած արգելքները Հայաստանի համար միայնակ հաղթահարելի չեն: Սա չի նշանակում, որ Հայաստանն էլ իր հերթին պետք է քաղաքականապես «մակաբուծի» Եվրամիության պատասխանատվության հաշվին, բայց թողնել միայն Հայաստանի դաշտում, նշանակում է ռիսկի ենթարկել սեփական ծրագրերն ու մտադրություններն ու Արևելյան գործընկերների հետ հարաբերության հեռանկարը: Առավել ևս, որ Հայաստանը ներկայումս չունի «մակաբուծելու» խնդիր, որովհետև, համենայնդեպս ինչպես հուշում է ողջախոհության կանխավարկածը, Հայաստանում յուրաքանչյուրին պարզ է, թե ինչ կենսական նշանակություն ունի Եվրամիության այդ գործուն օժանդակության հեռանկարը և քաղաքական ինչ փոս կարող է առաջանալ, եթե այն մնա թղթի կամ առավել ևս ընդամենը հայտարարությունների մակարդակի վրա:








































