«Թալիբան» արմատական շարժման ներկայացուցիչ Զաբիուլլահ Մուջահեդը «ՌԻԱ Նովոստիին» հայտնել է, որ գրոհայինները գրավել են Աֆղանստանի տարբեր նահանգների ընդհանուր առմամբ 169 շրջան:
Վերջին երկու ամսվա ընթացքում «Թալիբան» շարժումը գրավել է շուրջ 400 շրջաններից 167-ը, իսկ անցյալ գիշեր վերահսկողություն է հաստատել Հերաթ և Զաբուլ նահանգներում, ասել է շարժման ներկայացուցիչը: «Մեր մոջահեդների կողմից գրավված շրջանների ընդհանուր թիվը հասել է 169-ի», – գործակալությանն ասել է Մուջահեդը:
Թալիբները նաև պնդում են, որ այդպիսով նրանք վերահսկողություն են հաստատել երկրի 85% -ի նկատմամբ: Իր հերթին, Աֆղանստանի ՊՆ նախկին ներկայացուցիչ, գեներալ Դավլաթ Վազիրին հերքել է այդ պնդումը:
«Թալիբների պնդումն իրականությանը չի համապատասխանում», – ասել է նա՝ նշելով, որ անցյալում ևս շարժման ներկայացուցիչներն անհիմն հայտարարել էին, որ իրենք վերահսկում են տարածքի ավելի քան 60 կամ 70 տոկոսը:
Միևնույն ժամանակ, անվտանգության և պաշտպանության ոլորտի ներկայացուցիչ գեներալ Աջմալ Շինֆարին ասել է, որ տարածքները չեն ընկել գրոհայինների հարձակման հետևանքով, և անվտանգության ուժերը մարտավարական նահանջ են կատարել՝ վերախմբավորվելու՝ շրջանի համար կռվելու նպատակով: Նրա խոսքով՝ վերջերս զինվորականները ետ են գրավել 14 շրջան:
Աֆղանստանում առճակատում է տեղի ունենում կառավարական զորքերի և «Թալիբան» շարժման գրոհայինների միջև. վերջիններս գրավել են նշանակալի տարածքներ գյուղական վայրերում և սկսել են հարձակումներ մեծ քաղաքների դեմ: Ամերիկյան զորքերի դուրսբերման ֆոնին Աֆղանստանում անկայունությունն աճում է:










































