Բաքվից հուլիսի 3-ին Հայաստան է վերադարձել հայ ռազմագերիների նոր խումբ, ևս 15 մեր հայրենակից, ինչպես նախորդ անգամ: Միայն թե, ի տարբերություն նախորդ անգամի, այս անգամ ռազմագերիների վերադարձը տեղի է ունեցել ոչ թե ԱՄՆ և Վրաստանի միջնորդությամբ, այլ Ռուսաստանի, ինչպես հայտնել է Հայաստանի կառավարությունը: Հայաստանի կառավարությունը նաև հայտնել է, որ ի պատասխան հայ ռազմագերիների վերադարձի, Երևանն էլ բարի կամքի դրսևորումով ադրբեջանական կողմին է փոխանցել Ֆիզուլիի և Զանգելանի ականապատ դաշտերի քարտեզներ:
Հայ ռազմագերիների վերադարձի ցանկացած տեղեկություն և փաստ ողջունելի է և ուրախալի, միաժամանակ իհարկե այս փաստերը իրենց հերթին առաջացնում են հարց, թե ինչո՞ւ դրանք չեն ստացվում ավելի վաղ, եթե կատարվում է ռազմագերիների վերադարձ ականապատ քարտեզների դիմաց: Այդպիսի դիտարկումներ հատկապես տարածվեցին այն ժամանակ, երբ օրեր առաջ՝ հունիսի 20-ի քվեարկության շեմին ԱՄՆ ու Վրաստանի միջնորդական ջանքով Հայաստան վերադարձավ 15 հայ ռազմագերին, իսկ Երևանը հանձնեց Աղդամի շրջանի ականապատ քարտեզներ:
Ներկայիս կառավարության ընդդիմախոսները, արմատական ընդդիմությունը հայտարարեցին, որ ականապատ քարտեզների դիմաց հայ ռազմագերիների վերադարձի հարց հնարավոր էր լուծել ավելի վաղ էլ, բայց իշխանությունն այն միտումնավոր պահել էր ընտրության շեմին լուծելու և դիվիդենտ հավաքելու համար: Բայց, այդ դեպքում հարց է առաջանում, թե ինչո՞ւ է այդ ամենը տեղի ունենում խումբ-խումբ, եթե Հայաստանի համար այդքան կառավարելի գործընթաց է: Դա նշանակում է, որ իրականում գործ ունենք իսկապես ավելի բարդ խնդրի հետ, քան այն պարզունակ բնորոշումները, որ քաղաքական նկատառումներից ելնելով հնչեցնում է արմատական ընդդիմադիր շրջանակը:
Գործնականում թերևս տեղի է ունենում ավելի բազմաշերտ գործընթաց, քան զուտ ականապատ քարտեզների դիմաց ռազմագերիների հերթական խմբի վերադարձ: Դա գործընթացի անկասկած առերևույթ կողմն է միայն, իսկ մյուս շերտերը մնում են քաղաքական բարդ քննարկումների դաշտում: Այստեղ անկասկած է, որ չնայած հայտարարվող միջնորդություններին, դրանք այդուհանդերձ տեղի են ունենում բազմակողմ տրամաբանությամբ, անկախ, թե կոնկրետ պայմաններում հատկապես ում միջնորդությամբ է իրականացվում գերիների վերադարձը՝ ԱՄՆ, թե Ռուսաստանի:
Ընդհանրապես, անկասկած է, որ հայ ռազմագերիների վերադարձի խնդիրը ռեգիոնալ իրավիճակի և դրա շուրջ քաղաքական զարգացումների համատեքստից դուրս չէ, հետևաբար դուրս չէ այդ համատեքստում ներգրավված բոլոր դերակատարների գործունեության տիրույթից, անմիջապես, թե անուղղակի կամ մասնակիորեն: Այդ համատեքստում արժե նկատել նաև, որ մեր տղաների հերթական խմբի վերադարձը տեղի է ունենում Եվրամիության արտգործնախարարների՝ Ավստրիայի, Ռումինիայի և Լիտվայի ԱԳ ղեկավարների գլխավորած պատվիրակության ռեգիոնալ այցին զուգահեռ, միաժամանակ Եվրամիության ընդլայնման և հարևանության հարցերի հանձնակատարի սպասվող այցին ընդառաջ:
Անկասկած է, որ ընդհանուր իրավիճակի վրա իր ազդեցությունը թողնում են նաև այդ հանգամանքները, հատկապես նկատի ունենալով այն հայտարարությունները, որ իրենց այցի ընթացքում արեցին ԵՄ արտգործնախարարները, այն մասին, որ Եվրամիությունը չի պատրաստվում զիջել դիրքերը Կովկասում: Այդ ամենն ուղղակի, թե անուղղակի թողնում է իր ազդեցությունն ընդհանուր մթնոլորտի, այդ թվում բնականաբար նաև հայ ռազմագերիների հարցում Բաքվի դիրորոշումների վրա:
Լուսանկարը՝ Armeniasputnik-ի











































