Հայաստանում տեղի ունեցած արտահերթ խորհրդարանական ընտրություններից հետո սպասվում են նոր նշանակումներ ամենատարբեր ոլորտներում։ Այն իրավիճակում, որում այսօր հայտնվել է Հայաստանը շատ կարևոր է, թե ինչ արտաքին քաղաքականություն է վարելու երկիրը։ Ընտրություններից մի քանի օր առաջ հրաժարական ներկայացրեցին ԱԳ բոլոր փոխնախարարները և կարելի է ասել երկրի արտաքին քաղաքական գերատեսչությունն այսօր կաթվածահար վիճակում է։ Մամուլում ԱԳ նախարարի պաշտոնի համար շրջանառվում են ամենատարբեր անունները։ Ի դեպ՝ չի բացառվում, որ նշանակվի ոչ թե կադրային դիվանագետ, այլ լինի քաղաքական որոշում։
Քաղաքագետ Ռոբերտ Ղևոնդյանի կարծիքով՝ այնքան էլ վատ չէ, որ կառույցն այս պահին գտնվում է կաթվածահար վիճակում․«Ոչ միայն ԱԳՆ-ում, այլ ընդհանրապես տարբեր ոլորտներում մենք ունենք նեխած համակարգ, որն ամբողջապես փոփոխման ենթակա է և շատ լավ է, որ արտգործնախարարությունում դա տեղի ունեցավ շատ արագ ու ստիպեց իշխանություններին փոփոխություններ իրականացնել։ Իշխանությունները, լավ կանեն, այս պահին ստեղծեն նոր համակարգ ու այդ նոր համակարգը լրացնեն այնպիսի կադրերով, որոնց համար առաջնահերթություն կլինի ոչ թե համակարգի ինքնության պահպանումն ու սնուցումը, այլ Հայաստանի Հանրապետության շահերին ծառայեցնելը»,-«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց նա։
Մեր զրուցակցի դիտարկմամբ՝ կարևոր է իմանալ, թե ինչպիսի ռազմավարություն են մշակել իշխանությունները արտաքին քաղաքականության հարցում և թե ինչ հեռանկարներ են տեսնում․«Մենք դրա մասին դեռևս չգիտենք և դրա մասին դեռևս չենք խոսել։ Մենք չգիտենք, թե արտաքին քաղաքականության հետ կապված ինչպիսի ուղենիշներ է Հայաստանը որդեգրելու։ Մի կողմից՝ եթե մենք գնում ենք ագրեսիվ արտաքին քաղաքականության և փորձում ենք հայկական շահերն առաջ մղել բոլոր ուղղություններով, ապա մեզ պետք է կադրային դիվանագետ՝ փորձ ունեցող։ Մյուս կողմից՝ եթե մենք փորձելու ենք հարմարվել հոսանքներին և սպասելու ենք՝ տեսնենք,թե աշխարհում ինչեր են տեղի ունենում՝ ներքին խնդիրներից խուսափելու համար ավելի ճիշտ կլինի քաղաքական նշանակում իրականացնել»։
Քաղաքագետ Լևոն Շիրինյանը գտնում է, որ ԱԳՆ-ում արմատական վերափոխումներ են պետք․«Ինձ թվում է, որ այն օտար պետության վերահսկողության տակ է։Եթե ազդեցության տակ էլ չէ, բնական է, որ մեջները կան։ Կա սկբունքային հարց՝ ամբողջ կորպուսն աշխարհով մեկ պետք է վերակառուցվի։ Հայտնի է, որ դրանց մեծ մասը զբաղվել են գողապետության շահերը սպասարկելով ու զանազան բիզնես խարդավանքներով, կաշառակերությամբ»,-«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց նա։
Ըստ Շիրինյանի՝ բանակի թուլության հետ զուգահեռ անթույլատրելի է դիվանագիտությունն այդ վիճակում թողնելը․«Այսինքն՝ անդամալույծ ու անօգնական։ Շատ հետաքրքիր է՝ բանակի թուլության հետ միասին դրանք էլ հրաժարականներ տվեցին, դե արի ու մի կասկածի»,-եզրափակեց նա։






































