Այսօր «Ժառանգության» ԱԺ պատգամավոր Անահիտ Բախշյանը, դուրս գալով կառավարության նիստից, փոխանցեց, որ քաղաքապետ Կարեն Կարապետյանը ընդհանրական է խոսել ապամոնտաժվող կրպակների խնդրի մասին և նշել, որ խոսքը չի վերբերում բոլոր կրպակներին, այլ միայն անօրինականներին, ժամկետանցներին և կենտրոնական մասերում գտվողներին: Իսկ երբ Անահիտ Բախշյանը ցանկացել է հարցնել, թե ինչ ժամկետանցի մասին է խոսքը, երբ 2006թ-ին քաղաքապետի որոշմամբ ժամկետները երկարացվել են մինչև 2015թ-ի դեկտեմբերի 31-ը, խնդրել են չխանգարել:
Անահիտ Բախշյանի փոխանցմամբ՝ քաղաքապետը ասել է, որ 3000-ից ավելի կրպակներ կան, որոնցից 1080-ը չեն գործում և միանշանակ պետք է ապամոնտաժվեն, իսկ 912-ը ժամկետանց են:
Ավելի ուշ «Ժառանգության» պատգամավորներ Անահիտ Բախշյանը և Արմեն Մարտիրոսյանը հանդիպեցին վարչապետի հետ և փոխանցեցին, որ խոստացել է, որ մասսայական ապամոնտաժում չի լինելու և սոցիալական լարվածությունը չի խորացվելու: Ավելին, յուրաքանչյուր քաղաքացու տրվելու է անհատական մոտեցում: Այս խոսքերը «Ժառանգության» պատգամավորներին հույս էր ներշնչել, և նրանք հավատացրին, որ նախկին վտանգը այսօր չկա, թե մասսայական ապամոնտաժման արդյունքում մարդիկ կզրկվեն հանապազօրյա հացից: Սակայն պատգամավորները շարունակելու են պահել կրպակատերերի հետ կապը և թույլ չեն տալու, որպեսզի համայանքի ղեկավարությունը հակառակ գործելաոճ որդեգրի:
Առևտրականների այն հարցին, թե ինչ պետք է անեն այն կրպակատերերը, որոնց կրպակները արդեն ապամոնտաժվել են, Արմեն Մարտիրոսյանը պատասխանեց, որ դա արդեն լավ չէ, սակայն խոստացավ, որ կպայքարեն, որ կրպակները վերականգնվեն, կամ էլ մարդիկ կոմպեսացում ստանան պատճառված վնասի դիմաց:









































