Եվրամիությունը կանգնած է Հայաստանի կողքին, աջակցելով խորը բարեփոխումների իրականացմանը, հայտարարել է Եվրոպայի Խորհրդի նախագահ Շարլ Միշելը Հայաստանի վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանին խորհրդարանի ընտրությանը հաղթանակի առիթով շնորհավորական ուղերձում։
Շնորհավորանքին զուգահեռ սպասվում է տարածաշրջանային բավականին ուշագրավ այց։ Հայաստան կայցելեն Ռումինիայի արտաքին գործերի նախարար Բոգդան Աուրեսկուն, Լիտվայի արտաքին գործերի նախարար Գաբրիելիուս Լանդսբերգիսը, Ավստրիայի Եվրոպական և միջազգային հարցերով դաշնային նախարար Ալեքսանդր Շալլենբերգը։
Հունիսի 25-ին կայանալիք այցի շրջանակում ՀՀ կժամանեն նաև ԱԳԵԾ՝ Ռուսաստանի, Արևելյան գործընկերության, Կենտրոնական Ասիայի, Տարածաշրջանային համագործակցության և ԵԱՀԿ հարցերով կառավարող տնօրեն Միխայել Զիբերթը և Հվ․ Կովկասի և Վրաստանում ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը, տեղեկացնում է ՀՀ արտաքին գործերի նախարարությունը:
Նշյալ այցը լիազորված է Արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով ԵՄ բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելի կողմից և նպատակ ունի վերահաստատելու տարածաշրջանում կայունության հաստատումը խթանելու ԵՄ պատրաստակամությունը։
Երևանի մամուլի ակումբի նախագահ Բորիս Նավասարդյանի կարծիքով՝ ակնհայտ է, որ Հայաստանի տարբեր գործընկերների համար այժմ նոր հնարավորություններ են բացվում, և նրանք բնականաբար փորձելու են օգտագործել այդ հնարավորությունը՝ պարզելու, թե Հայաստանը որքանով է տրամադրված համագործակցության ուղղությամբ նոր ու կոնկրետ քայլեր ձեռնարկել․ «Հենց դրանով է պայմանավորված շատ երկրների միջազգային կառույցների ակտիվությունն անմիջապես ընտրություններից հետո։ Զուտ տեսականորեն այդպիսի արդյունք ունեցած ընտրություններից հետո բացվում են հնարավորություններ՝ կայունացման ու զարգացման համար։ Իրենք փորձելու են այդ պատուհանն օգտագործել՝ տեսնենք, թե ինչ արդյունք կտա»,-«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց նա։
Մեր այն դիտարկմանը, թե մինչ այժմ իշխանություններն ամբողջությամբ չեն օգտագործել ուժի մեջ մտած Հայաստան-ԵՄ Համապարփակ և Ընդլայնված գործընկերության համաձայնագիրը, արդյոք ընտրություններից հետո նոր հնարավորություններ են բացվել, Բորիս Նավասարդյանն արձագանքեց․ «Հնարավորությունը միշտ կա։ Նույնիսկ եթե Հայաստանի շահագրգռվածության առումով եղել են որոշակի հիմնավորված հիասթափություններ։ Ընտրություններից հետո այդ ամենը կարող են ինչ-որ տեղ մոռանալ կամ կարևորություն չտալ նախորդ զարգացումներին ու փորձել նոր հնարավորություններն օգտագործել։ Հիմա ամեն ինչ կախված է լինելու Հայաստանից, թե որքանով է ինքը պատրաստ լինելու այդ պատուհանն օգտագործել։ Արդյոք ավելի հետևողական, պրոֆեսիսոնալ ու վճռական քայլերի պատրաստ կլինի։ Ամեն դեպքում՝ հնարավորությունները կան ու չօգտագործել դրանք այնպես, ինչպես չեն օգտագործվել նախորդ երեք տարիների ընթացքում անթույլատրելի է, եթե մենք իրոք ապագայի մասին ենք մտածում»։
Արդյոք պատերազմից հետե Ռուսաստանից ունեցած կախվածությունը դա թույլ կտա հաջորդ հարցին ի պատասխան, մեր զրուցակիցը նշեց․ «Իհարկե Հայաստանի համար այժմ շատ ավելի քիչ են հնարավորությունները, քան կային 2013 կամ 2018 թվականներին։ Այսինքն՝ այն անհաջողությունները, որոնք եղել են կոնկրետ Եվրամիության հետ համագործակցության առումով նախկին տարիներին ու չեն օգտագործվել, որոշակի ստվեր գցում են գործընթացի վրա։ Բայց ես չեմ կարծում, որ ճիշտ գործելու ու աշխատելու դեպքում զարգացումն ու անվտանգությունը չպետք է դիտարկվեն որպես հակադիր ուղղություններ։ Եթե այդ կարգի հմտություններ իշխանությունները դրսևորեն, ապա այն կախվածությունը, որ մենք Ռուսաստանից այսօր ունենք՝ այդքան էլ խանգարող հանգամանք չի լինի»,-եզրափակեց նա։










































