EurasiaNet-ի կայքում հրապարակվել է Ստամբուլում բնակվող անկախ լրագրող Դորիան Ջոնսի «Թուրքիա – Ո՞վ է վերահսկում Էրդողանին» խորագրով հոդվածը, որում ասվում է.
«Թուրքիայի բնակիչներից միայն քչերը չեն համաձայնի այն կարծիքի հետ, որ հուլիսի վերջին Թուրքիայի բարձրագույն զինվորական հրամանատարության հրաժարականը վարչապետ Էրդողանին վճռական հաղթանակ բերեց զինվորականների նկատմամբ։ Ճիշտ է ՝ ներկայումս, երբ զինվորական հրամանատարությունը կորցրել է իր քաղաքական ազդեցության մեծ մասը, որոշ մեկնաբանների մոտ հարցեր են առաջանում Էրդողանին իշխանության պահելու հնարավորությունների ու բավարար միջոցների ղեկավարման համակարգի առկայության շուրջ։
Թվում է, թե այն ամենը, ինչին որ դիպչում է վարչապետը, վերածվում է ոսկու։ Երկրի տնտեսությունը ծաղկում է, ընտրություններում հաղթանակներ են գրանցվում (վերջին՝ հունիսյան խորհրդարանական, ընտրությունների ժամանակ Էրդողանի գլխավորած «Արդարություն ու զարգացում» կուսակցությունը (ԱԶԿ) հավաքեց քվեների 50 տոկոսը)։ Մեկնաբանների կարծիքով՝ հենց դրանում է կայանում խնդիրը։
Ստամբուլի Բահչեշեհիրի համալսարանի քաղաքագետ Ջենգիզ Աքթարը նշում է, որ այդ չափազանց ինքնավստահությունը, իր ուժի զգացողությունն Էրդողանին իշխանություն է տալիս բոլորի ու ամեն ինչի նկատմամբ. «Մենք ընթանում ենք ուժային քաղաքականության ճանապարհով։ Այդպիսի մոտեցումը չի հանգեցնի կարևոր խնդիրների տևական կարգավորմանը»։
Կառավարության ինքնավստահությունը տարածվում է նաև արտաքին քաղաքական արենայի վրա։ Օրինակ, ոչ վաղ անցյալում Էրդողանը վերջնագիր ներկայացրեց ԵՄ-ին՝ սպառնալով սառեցնել նրա հետ հարաբերությունները, եթե մասնատված Կիպրոս կղզու վերաբերյալ իր պահանջները չբավարարվեն։
Սակայն կառավարության ինքնավստահությունն ամենաշատ մտահոգություններն առաջացնում է Թուրքիայի ներքաղաքական կյանքում։ Քննադատների կարծիքով՝ 2010 թվականի սահմանադրական հանրաքվեն, որով Սահմանադրական դատարանի անդամների նշանակման լիազորությունները տրվեցին խորհրդարանին ու նախագահին, կարող են հանգեցնել դատական համակարգի նկատմամբ քաղաքական վերահսկման ուժեղացմանը։
Երկրում ուժգնանում են այլակարծ ուսանողական երիտասարդության նկատմամբ հալածանքները։ Հուլիսի 27-ին դատախազությունը պահանջեց 1-4 տարվա ազատազրկման դատապարտել Անկարայի 13 ուսանողներին, որոնք ձվեր էին նետել համալսարան այցելած նախարարի վրա։ Իսկ ահա նախորդ տարի վարչապետ Էրդողանի հետ ունեցած հրապարակավ հանդիպման ժամանակ նրանից անվճար կրթության իրավունք պահանջած երեք ուսանողներին սպառնում է 8-15 տարի ազատազրկում՝ «ահաբեկչության օգտին քարոզչություն կատարելու» մեղադրանքով։
Այս ամենի հետ մեկտեղ, ահաբեկչության դեմ պայքարի օրենքի հիման վրա երկրում ձերբակալվել են տասնյակ քուրդ ուսանողներ։ Այդ պայքարի շրջանակներում իշխանություններն արդեն ձերբակալել են հարյուրավոր մարդկանց, այդ թվում նաև 11 քաղաքապետերի։ Դատախազության կարծիքով՝ նրանք բոլորն էլ կապված են արգելված ապստամբական «Քրդստանի աշխատավորական» կուսակցության (PKK) հետ։
Թերևս, ամենամեծ մտահոգությունն առաջացնում է խոսքի ազատության շուրջ տիրող իրավիճակը։ Այս տարի վեբ կայքերի պարտադիր ֆիլտրումը նույնպես մտահոգություններ է առաջացնում։ Մի շարք լրագրողների, գիտական շրջանակների ներկայացուցիչների և իրավապաշտպանների մոտ հարց է ծագում, թե արդյոք Էրդողանը չի՞ վերածվում Պուտինի, ով հայտնի է ազատամիտների հանդեպ ունեցած իր անհանդուրժողականությամբ։
Իշխանությունները սակայն հերքում են այդ մեղադրանքները՝ ընդգծելով, որ խոսքի ազատության շուրջ տիրող իրավիճակը գնալով «բարելավվում է»։ Պետնախարար, ԵՄ-ին Թուրքիայի լիիրավ անդամակցության գծով գլխավոր բանագնաց Էգեմեն Բաղըշն օտար լրագրողներին հայտարարել է, որ իրենք իրագործել են ոչ փոքրաթիվ բարեփոխումներ, ինչի արդյունքում իրավիճակն այսօր «ավելի է լավացել»։
Բաղըշն ուշադրություն է հրավիրել Քրեական օրենսգրքում կատարված ուղղումների վրա, որոնց համաձայն՝ թուրքական պետականությանը վիրավորելու մեջ կասկածվող քաղաքացիների հետաքննմամբ պետք է զբաղվի Արդարադատության նախարարությունը։ Բացի այդ, Բաղըշի խոսքերով՝ լրագրողների մեծամասնությունը, որոնց դեմ քրեական գործեր են հարուցված, մեղադրվում են այնպիսի հանցագործություններում, որոնք «կապված չեն» նրանց լրագրողական գործունեության հետ։
Իշխանամետ Taraf թերթի գլխավոր խմբագիր Յասեմին Չոնգարը նշում է, որ իշխանությունները չեն անցնում քաղաքական սահմանները և վարչապետի իշխանությունը նախկինի նման գտնվում է վերահսկողության ներքո. «Ես չեմ կարծում, թե Թուրքիան առաջ է շարժվում ավտորիտարիզմի ճանապարհով, Թուրքիան չի վերածվի նոր Ռուսաստանի»։
Վերջին շրջանում ԶԼՄ-երը հեղեղված են դատական հայցերով, հարկային մարմինների սանկցիաներով, որոնցում պահանջվում է վճարել մի քանի միլիարդ լիրա, ինչպես նաև իրականացվել են ձերբակալություններ՝ իշխանափոխություն կատարելու նպատակով զինվորական հեղաշրջմանը մասնակցելու կասկածանքով։
«Լրագրողներ առանց սահմանների» միջազգային իրավապաշտպան կազմակերպության 2010 թվականի զեկույցում Թուրքիան նահանջել է 15 հորիզոնականով՝ 178 երկրների շարքում զբաղեցնելով 138-րդ տեղը՝ Սինգապուրի ու Եթովպիայի միջև։ Թուրքական 24 լրատվական կազմակերպություններից բաղկացած Freedom for Journalists Platform կոալիցիայի տվյալներով՝ թուրքական բանտերում են գտնվում ավելի քան 60 լրագրողներ։
Թուրքական Milliyet թերթի քաղաքական մեկնաբան Նուրայ Մերթը նշում է, որ իշխանությունները չեն հանդուրժում որևէ քննադատություն և դիմում են ամեն տեսակ միջոցների՝ ԶԼՄ-երի վրա ուղիղ և հետևողական ճնշումներ բանեցնելու համար։ Թերթը պատկանում է Doğan մեդիա հոլդինգին։ Վերջինս 2009 թվականին ստիպված եղավ վճարել հավելյալ 4.2 միլիարդ լիրա (մոտ 2.4 միլիարդ դոլար) հարկ այն բանից հետո, ինչ նրա թերթերից մեկն ակնարկել էր ԱԶԿ-ի ու բարեգործական միջոցների յուրացման միջև անուղղակի կապի առկայության մասին։
Թուրքիայում տիրող խոսքի ազատության իրավիճակից մտահոգված են նաև ԱՄՆ-ը ու ԵՄ-ը։ Այդ մասին Թուրքիա կատարած այցելության մասին բարձրաձայնեց ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնը՝ ընդգծելով սահմանադրական բարեփոխումների առաջիկա գործընթացի անհրաժեշտության մասին։
Հուլիսի 30-ին հանդես գալով հեռուստատեսությամբ՝ Էրդողանը հաստատեց 1982 թվականին զինվորականների կողմից գրված երկրի Սահմանադրության փոփոխման վերաբերյալ իր խոստումը. «Նոր Սահմանադրությունը պետք է մշակվի հասարակության ամենաակտիվ մասնակցության և կոնսենսուսի պայմաններում, այն պետք է համապատասխանի ողջ հասարակության պահանջներին, այն պետք է լինի ժողովրդավարական ու ազատական»։
Ակնկալվում է, որ այդ գործընթացն ակտիվորեն կմեկնարկի այս տարվա հոկտեմբերի 1-ին՝ արձակուրդից խորհրդարանի վերադառնալուց հետո։ Այդ գործընթացի իրագործումը կդառնա ակնհայտ ցուցիչ, թե վարչապետն ինչպես է մտադիր մոտակա ամիսներին ու տարիներին օգտագործել իր իշխանությունը»։





































