Ազգային ժողովի 17 պատգամավորների պատկանող 22 ընկերություններ այս տարվա առաջին կիսամյակի 1000 խոշոր հարկատուների ցուցակի մեջ են: ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանին պատկանող «Արարատցեմենտ» ՓԲԸ-ն խոշոր հարկատուների ցուցակում 57-րդ տեղում է, Աշոտ Արսենյանին (ՀՀԿ) պատկանող «Ջերմուկ Գրուպ» ՓԲԸ-ն՝ 146-րդ, Վահե Հակոբյանի (ՀՀԿ) «ՆԻԱՇ» ՍՊԸ-ն՝ 443-րդ, Ռուբեն Հայրապետյանի (ՀՀԿ) «Բջնի» հանքային ջրերի գործարանը՝ 41-րդ, իսկ Զարգացման հայկական բանկը՝ 147-րդ, Արեգ Ղուկասյանի (ՀՀԿ) «Ավանի աղի կոմբինատ» ՓԲԸ-ն՝ 161-րդ, Կարեն Ճշմարիտյանի (ՀՀԿ) Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը գլխավորում է խոշոր հարկատուների ցուցակը, Խաչիկ Մանուկյանի (ՀՀԿ) «Լուսակերտ» ՍՊԸ-ն՝ 502-րդ, Ալեքսան Պետրոսյանի (ՀՀԿ) «ՄԱՊ» գինու-կոնյակի գործարանը՝ 126-րդ, Սուրիկ Պողոսյանի (ՀՀԿ) «Տաշիր ինվեստ գրուպ» ՓԲԸ-ն՝ 330-րդ, Գագիկ Ծառուկյանին (ԲՀԿ) պատկանող բազմաթիվ ընկերություններից խոշոր հարկատուների ցուցակում են հայտնվել 4-ը՝ «Արարատցեմենտ» ՓԲԸ-ն՝ 57-րդ, «Մուլտի գրուպ» կոնցեռնը՝ 268-րդ տեղ, «Երևանի «Արարատ» գինու-կոնյակի-օղու կոմբինատ» ԲԲԸ-ն՝ 105-րդ, «Կլեոպատրա» ՍՊԸ-ն:
Ի դեպ, նույն անվանմամբ «Կլեոպատրա» ՍՊԸ ունեն և՛ Արսեն Ավագյանը (ԲՀԿ), և՛ Գագիկ Ծառուկյանը: Վերին Պտղնի գյուղում գտնվող «Կլեոպատրա»-ն խոշոր հարկատուների ցուցակում 79-րդ տեղում է, իսկ Վերին Արտաշատ գյուղում գտնվող «Կլեոպատրա»-ն՝ 413-րդ:
Մելիք Մանուկյանին (ԲՀԿ) պատկանող «Սարանիստ» ՍՊԸ-ն 150-րդ խոշոր հարկատուն է, Աշոտ Ափոյանի (ՀՅԴ) «Աշտարակ կաթ» ընկերությունը՝ 207-րդ, Արայիկ Գրիգորյանի (ՀՅԴ) «Ավշարի գինու գործարան» ՓԲԸ-ն՝ 113-րդ, Կարեն Վարդանյանի (ՀՅԴ) «Գրանդ Քենդի» ՀՁ ՍՊԸ-ն՝ 43-րդ, Հակոբ Հակոբյանի (անկուսակցական) «Երևանի գարեջուր» ՓԲԸ-ն՝ 108-րդ:
Հետաքրքիր է, որ Սամվել Ալեքսանյանի բազմաթիվ ընկերություններից խոշոր հարկատու են ընդամենը 2-ը՝ «Ալեքս Գրիգ» ՍՊԸ-ն՝ 3-րդն է և «Նատալի Ֆարմ» դեղատների ցանցը 42-րդն է:
Հիշեցնենք, որ երեկ ՀԱԿ – իշխանություն երկխոսության շրջանակներում ՀԱԿ-ի հրապարակած՝ Հայաստանում արտահերթ նախագահական և խորհրդարանական ընտրություններ անցկացնելու և լեգիտիմ իշխանություն ձևավորելու անհրաժեշտությունն ապացուցող փաստաթղթում մեջբերվում է ՀՀ Սահմանադրության 65 հոդվածը, որը սահմանում է. «Պատգամավորը չի կարող զբաղվել ձեռնարկատիրական գործունեությամբ, զբաղեցնել պաշտոն պետական կամ տեղական ինքնակառավարման մարմիններում կամ առևտրային կազմակերպություններում, կատարել այլ վճարովի աշխատանք, բացի գիտական, մանկավարժական և ստեղծագործական աշխատանքից»:










































