ՌԴ իշխանությունները պետք է անեն հնարավոր ամեն բան՝ կանգնեցնելու ռուսական տարածքից ընդդեմ ամերիկյան ընկերությունների գործող ցանցահեններին և պատասխանատվության ենթարկելու նրանց։ Այս մասին Axios պորտալի հետ զրույցում ասել է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենը։
Նա նշել է, որ Վաշինգտոնը Մոսկվայի հետ քննարկել է ամերիկյան կորպորացիաների վրա վերջին խոշոր կիբերհարձակումները։
Բլինկենի խոսքով՝ նախագահներ Ջո Բայդենի և Վլադիմիր Պուտինի առաջիկա գագաթնաժողովը կկայանա ոչ թե չնայած այդ ագրեսիային և հարձակումներին, այլ դրանց պատճառով։
«Բայդենը հստակ և ուղիղ կասի, թե ինչ կարող է նա (Պուտինը) սպասել ԱՄՆ-ից, եթե ագրեսիվ, անխոհեմ գործողությունները մեր դեմ շարունակվեն»,-ասել է պետքարտուղարն ու հավելել, որ ԱՄՆ-ը պատրաստ է համագործակցել ՌԴ-ի հետ այն դեպքում, եթե նա փոխի իր որդեգրած քաղաքականությունը։