Грузия Online-ի փոխանցմամբ՝ Վրաստանի նախագահ Միխեիլ Սաակաշվիլին տեղի երիտասարդական-հայրենասիրական ճամբարներից մեկում երեկ հանդիպում է ունեցել Բելառուսից, Լեհաստանից, Հայաստանից և Ադրբեջանից ժամանած դեռահասների հետ։ Հանդիպման ժամանակ Սաակաշվիլին անդրադարձել է ռուս-վրացական հարաբերություններին.
«Ամեն անգամ, երբ խոսել եմ ռուսական ղեկավարության հետ, ես նրանց ասել եմ, որ հնարավոր է՝ ես Վրաստանի վերջին ղեկավարներից մեկն եմ, ով կարող է մեջբերումներ անել Եսենինից, Պուշկինից, Լերմոնտովից, Վիսոցկուց և այլն։ Եթե այսպես շարունակվի, ապա հաջորդ նախագահը կարող է ընդհանրապես ռուսերեն չիմանալ, և դա շատ վատ է։
Քաղաքականությունը մնում է քաղաքականություն, և չնայած դրան՝ երկու ժողովուրդները պետք է ոչ մի գնով չկորցնեն միմյանց»։
Հիշեցնենք, որ Ռուսաստանը 2008 թվականի օգոստոսյան հնգօրյա պատերազմից հետո հրաժարվում է երկխոսել Վրաստանի հետ (բացառությամբ Առևտրի համաշխարհային կազմակերպությանն անդամակցելու շուրջ), քանի դեռ նրա նախագահը Միխեիլ Սաակաշվիլին է։ Վերջինս այս կապակցությամբ մայիսի վերջերին հայտարարել է, թե արդեն երեք տարի է՝ ինքը «քաղաքական դիակ» է Մեդվեդևի համար:








































