Շրի Լանկայի արևմտյան ափերին խորտակվել է քիմիկատներ տեղափոխող բեռնատար նավ, որի տախտակամածին կար գրեթե 1500 բեռնարկղ, այդ թվում՝ 25 տոննա ազոտական թթու, տարբեր քիմիական նյութեր և կոսմետիկա։ Բացի այդ, մի քանի տոննա պլաստիկ նյութը լցվել է երկրի՝ ձկներով հարուստ ջրերը։
Reuters լրատվական գործակալությունը հաղորդում է, որ Շրի Լանկայի կառավարությունն արգելել է ձկնորսությունը կղզու ափամերձ 80 կմ հատվածում։ Ծովային աղետն ազդել է 5600 ձկնորսական նավերի վրա։ Աղտոտված ափերը մաքրելու գործում ներգրավվել են հարյուրավոր զինվորականներ։
Սինգապուրում գրանցված նավը խարսիսխ էր գցել Շրի Լանկայի արևմտյան ափին մայիսի 20-ից, երբ նավի վրա տեղի ունեցած պայթյունից հետո հրդեհ էր բռնկվել: Վերջին երկու շաբաթների ընթացքում արտակարգ իրավիճակների խմբերը փորձում էին մարել կրակը։












































