«Այս պրոցեսը կարևոր է, և ՀԱԿ-ն այս պրոցեսը պետք է անցնի: Մենք պետք է առավելագույնն անենք, որ փորձենք խաղաղ ճանապարհով լուծել խնդիրը»,- գնահատելով ՀԱԿ – իշխանություն երկխոսության ընթացքը՝ «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում կարծիք հայտնեց ՀԱԿ անդամ, Քրիստոնեա-ժողովրդական վերածնունդ կուսակցության նախագահ Սոս Գիմիշյանը:
Գիմիշյանի խոսքերով` եթե իշխանություններն այլ բան կորոշեն՝ դա իրենց պրոբլեմն է, իսկ ՀԱԿ-ն ուզում է իր խղճի առջև հանգիստ լինել և պետք է ամեն ինչ անի, որ սահմանադրական կարգը վերականգնվի խաղաղ ճանապարհով:
«Ես շատ գոհ եմ, որ նորմալ պրոցես է գնում, հանդիպումները կայանում են, հարցերը քննարկվում են։ Հաշվի առնելով իշխանական պատվիրակության առաջ քաշած հարցը, որ նախորդ ընտրությունները նորմալ չեն անցել, նշանակում է, որ նրանք ընդունում են՝ իրենք լեգիտիմ չեն, ու եթե դրանից հետո որոշեն, որ չեն գնալու արտահերթ նորմալ ընտրությունների միջոցով իշխանություն ձևավորելու ճանապարհով, ապա դա իրենց համար մեծ մինուս և ձախողում կլինի»,- մանրամասնեց Գիմիշյանը:
Այդուամենայնիվ, Գիմիշյանը նշեց, որ եթե, ապահովելով բանակցությունները, արդյունք չի արձանագրվում, ապա Կոնգրեսը սեպտեմբերից կսկսի այլ ճանապարհով վերականգնել սահմանադրական կարգը, ինչը վերջինիս սահմանադրական իրավունքն է:









































