Ադրբեջանական Trend լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ադրբեջանի նախագահի աշխատակազմի արտաքին կապերի բաժնի պետ Նովրուզ Մամեդովը մեկնաբանել է երեկ Սոչիում տեղի ունեցած Ռուսաստանի ու Ադրբեջանի նախագահներ Դմիտրի Մեդվեդևի ու Իլհամ Ալիևի հանդիպումը.
«Երեկ Սոչիում տեղի ունեցած հանդիպման ժամանակ Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդևն ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը մտքեր են փոխանակել տարածաշրջանային և միջազգային մի շարք հարցերի շուրջ, այնուհետև քննարկել են ղարաաբղյան հակամարտության կարգավորումը և այդ ուղղությամբ տարվող բանակցային գործընթացը:
Նախագահների դիրքորոշումը կարելի է արտահայտել հետևյալ կերպ. նախագահ Դմիտրի Մեդվեդևի նախաձեռնությամբ ու մասնակցությամբ վերջերս անցկացված հանդիպումներում ու բանակցություններում հայտնի դարձավ, որ կողմերը մի շարք հարցերի շուրջ մոտեցրել են իրենց դիրքորոշումները՝ Մադրիդյան հիմնարար սկզբունքներին համապատասխան։ Դրա համար էլ անհրաժեշտ է նաև այսուհետ շարունակել բանակցությունները»։
Միևնույն ժամանակ Իլհամ Ալիևը բանակցություններից հետո, ինչպես և Կազանի հանդիպումից հետո, հայտարարեց, որ Հայաստանի ղեկավարությունը բազմիցս «չի ցուցաբերել» անկեղծություն՝ բանակցությունների անարդյունավետության պատասխանատվությունը դնելով Ադրբեջանի վրա և այդ նպատակով օգտագործելով նաև Սփյուռքի հնարավորությունները։
Մամեդովը հավելել է, որ հանդիպման վերջում Ալիևը շնորհակալություն է հայտնել Մեդվեդևին՝ հրավերի և շատ օգտակար քննարկման համար։










































