Բաքվում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ հանդիպմանն Իրանի արտգործնախարար Մոհամադ Ջավադ Զարիֆն ասել է՝ «այսօր դուք կարող եք պատմական դեր խաղալ տարածաշրջանում խաղաղության հաստատման գործում»:
«Մենք ցանկանում ենք շնորհակալություն հայտնել ձեզ Հայաստանի հետ խաղաղության հասնելու պատրաստակամության մասին ձեր հայտարարության համար: Դա շատ կարևոր է: Մենք պատրաստ եք ցանկացած դեր խաղալ ազատագրված տարածքների վերակառուցման և վերականգնման հարցում», – նշել է Իրանի ԱԳ նախարարը:
Ադրբեջանական աղբյուրների փոխանցմամբ՝ Զարիֆը նաև շնորհավորել է Ալիևին ադրբեջանական հողերը վերադարձնելու համար:
Բաքվից Զարիֆն ուղևորվել է Երևան: Սա Իրանի արտգործնախարարի երկրորդ այցն է Ադրբեջան և Հայաստան՝ ղարաբաղյան պատերազմից հետո:
ՀՀ ԱԳ նախարարի պաշտոնակատար Արա Այվազյանը Իրանի ԱԳ նախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆի հետ հանդիպմանը նշել է «Աներկբա է, որ Հայաստանի տարածքային ամբողջականության դեմ ուղղված այս ոտնձգությունն ուղիղ հետևանքն է անցած տարվա սեպտեմբերի 27-ից Ադրբեջանի կողմից Արցախի ժողովրդի ինքնորոշման և կյանքի իրավունքի դեմ սանձազերծված պատերազմի, ինչպես նաև տարածաշրջանային խաղաղությունը վտանգելու Ադրբեջանի գործողությունների ոչ համարժեք միջազգային և տարածաշրջանային արձագանքի:
Գոտեպնդված անպատժելիության զգացումով՝ Ադրբեջանը փորձում է ստեղծել աշխարհաքաղաքական նոր իրողություններ, որոնք չեն բխում տարածաշրջանային կայունությամբ շահագրգիռ երկրների շահերից։ Այս պայմաններում մեր տարածաշրջանային գործընկերների հետ երկխոսությունն առավել քան կարևոր է»,-նշել է Այվազյանը։ Զարիֆին ընդունել է նաև ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը։
Հիշեցնենք, հունվարին տարածաշրջան այցի ժամանակ Զարիֆը հայտարարել էր, թե հետպատերազմյան շրջանում Իրանի համար կարմիր գիծը Հայաստանի տարածքային ամբողջականության պահպանումն է:
Իրանագետ, ՄԱՀՀԻ ասոցված փորձագետ Էմմա Բեգիջանյանի խոսքերով՝ հնարավոր է սա Զարիֆի վերջին առաքելությունը լինի, քանի որ Իրանում կայանալիք ընտրություններից հետո այնտեղ կարող է իրավիճակ փոխվել։ Բեգիջանյանն «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նաև նշեց, որ իր դիտարկմամբ Իրանի քաղաքականությունը Հայաստանի հանդեպ չի փոխվելու.«Դա կապված է իրենց ազգային շահերի հետ։ Իրանն ավելի վաղ ասել է, որ Հայաստանի սահմանները իր համար կարմիր գիծ են և փոփոխության ենթակա չեն։ Կարծում եմ՝ այս դիրքորոշումը կպահպանվի նաև առաջիկայում»։
Ըստ Բեգիջանյանի՝ Թեհրանը նաև ձգտում է միջնորդական առաքելություն իրականացնել Հայաստան-Ադրբեջան փոխհարաբերություններին, ինչին սակայն դեմ կլինի Ռուսաստանը. «Թեհրանը դա փորձում է անել ճիշտ այնպես, ինչպես արցախյան վերջին պատերազմի ժամանակ։ Այն ժամանակ տարբեր պատճառներով այդ նախաձեռնությունը տապալվեց ու ես թերահավատ եմ, որ դա տեղի կունենա այսօր։ Իրանի շահագրգռվածությունն ավելի մեծ է, բայց Ռուսաստանը դա չի թողնի։ Մոսկվան ընդհանրապես չի թույլատրում, որ այլ երկրներ ունենան իրենց ներգրավվածությունը։ Տեսնում ենք, թե ինչ վիճակում է Մինսկի խումբը՝ շատ պասիվ է, առանձնապես ակտիվություն չի ցուցաբերում։ Ինչ վերաբերում է Բաքվում տեղի ունեցող հանդիպումներին, ապա դրանք ավելի շատ ընդհանրական բնույթ են կրում՝ տարածաշրջանային հարցեր, Սյունիքին ու Արցախին առնչվող խնդիրներ»։
Իլհամ Ալիևին ուղղված խոսքերը, մեր զրուցակցի կարծիքով՝ դիվանագիտական հաճոյախոսությունից այն կողմ չի կարելի գնահատել.«Ինչ վերաբերում է տարածքները հետ բերելու հետ կապված շնորհավորանքին, ապա այդ մասին բազմիցս ասվել է։ Հիշեցնեմ՝ այդ մասին ասվել է պատերազմից անմիջապես հետո , երբ Զարիֆը կատարեց իր տարածաշրջանային այցը։ Եթե անդրադառնանք Ալիևին ուղղված մեկ այլ մտքին, թե ողջունում է նրա կողմից տարածաշրջանում խաղաղություն հաստատելու պատրաստակամությունը, ապա մենք այդ խաղաղությունը տարբեր կերպ կարող ենք ընկալել։ Կարող է Ալիևը՝ Սյունիքն էլ վերցնել ու ասել՝ Երևանում ձեր համար հանգիստ ու խաղաղ ապրեք՝ ձայներդ կտրած վիճակում։ Մեզ համար դա խաղաղություն չէ։ Իսկ Զարիֆի խոսքերն ընդամենը դռնփակ բանացկություններից հետո դիվանագիտական հաճոյախոսություն են՝ ինչպես տեղի է ունենում բոլոր դեպքերում»։
Թեհրանում լույս տեսնող «Արաքս» շաբաթաթերթի խմբագիր Մովսես Քեշիշյանը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում կարծիք հայտնեց, որ այցը կարևոր նշանակություն ունի թե՛ Թեհրանի և թե՛ Երևանի համար.«Զարիֆի այցը Երևան պետք է Բաքու կատարած այցից առանձին դիտարկել։ Իրանը հիմա ձգտում է Հայաստանի հետ հարաբերությունները խորացնել, մանավանդ որ 44 օրյա պետերազմից հետո ստեղծված աշխարհաքաղաքական փոփոխությունները իր բացասական ազդեցությունը թողեց նաև Իրանի վրա։ Իրանի շահերի իմաստով այս այցը կարոևր է։ Մենք տեսնում ենք, որ իրանական մամուլում այցը ևս կարևորվում է՝ հատկապես Հայաստանի սահմանների նկատմամբ ադրբեջանական վերջին նկրտումների ֆոնին։ Նշվում է Մեղրիի, Զանգեզուրի միջանցնքերի մասին, բայց Թեհրանը հստակորեն նշել է, այդ սահմանը իր համար կարմիր գիծ է և Ադրբեջանի պանթուրքիստական նկրտումները չեն կարող իրականանալ»։
Ինչ վերաբերում է Իրանի միջնորդական ջանքերին, ապա Մովսես Քեշիշյանի խոսքերով՝ Իրանը ժամանակ առ ժամանակ, նաև արցախյան առաջին պատերազմի օրերին խոսելէ այդ մասին, սակայն այժմ դրա կարիքը հազիվ թե զգացվի.«Նկատի ունենանք, որ կա Մինսկի խմբի աշխատանքը։ Դրան չի համաձայնի Բաքուն, որն ավելի շատ նայում է դեպի Թուրքիա ու Իսրայել, ինչպես նաև Երևանը, որն ավելի շատ նայում է դեպի Ռուսաստան։ Երկու կողմն էլ չեն տա իրենց համաձայնությունը։ Պետք է շեշտը դնել հայ-իրանական տնտեսական հարաբերությունների վրա։ Այս իմաստով կլինեն այլընտրանքներ, որոնք ձեռնտու կլինեն երկու կողմերին էլ»,-եզրափակեց մեր զրուցակիցը։










































