Լեռնային Ղարաբաղում և հարակից շրջաններում պատմամշակութային ժառանգության պահպանման թեման մշտապես քննարկվում է մեր շփումներում, ինչպես պաշտոնական Բաքվի, այնպես էլ պաշտոնական Երևանի հետ։ Այս մասին մայիսի 21-ի ճեպազրույցում ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
«Թեման, մասնավորապես, շոշափվել է մայիսի առաջին կեսին Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի Հայաստան և Ադրբեջան կատարած աշխատանքային այցի ընթացքում։ Մենք կողմ ենք տարածաշրջանում ՅՈւՆԵՍԿՕ-ի առաքելության շուտափույթ կազմակերպմանը, աշխատում ենք նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների գծով»,- ասել է Զախարովան՝ հիշեցնելով, որ ընթացիկ տարվա ապրիլի 13-ին համանախագահների ընդունած հայտարարությունում նշված է. «Կրոնական և մշակութային ժառանգության պահպանումն ու պաշտպանությունը դասվում են այն հարցերի թվին, որոնք Ադրբեջանից և Հայաստանից պահանջում են լրացուցիչ ջանքերի գործադրում»։










































