Բարև ձեզ, դուք դիտում եք «Տարածաշրջանը Ռիչարդ Կիրակոսյանի հետ» հաղորդաշարը: Սա թվով երրորդն է մեր հաղորդումների շարքից, որոնց նպատակն է տրամադրել անկողմնակալ տեղեկատվություն ու վերլուծություն Հայաստանի և ավելի լայն` Հարավային Կովկասի տարածաշրջանում տեղի ունեցող զարգացումների վերաբերյալ:
Այս շաբաթվա թեմայի շրջանակներում մենք ավելի շատ կկենտրոնանանք Լեռնային Ղարաբաղի շուրջ կատարվող իրադարձությունների վրա: Անդրադառնալով այս թեմային` պետք է նշել, որ նկատվում է ԵԱՀԿ Մինսկի խմբի կողմից դիվանագիտական ջանքերի ակտիվացում: Մենք, սակայն, կփորձենք քննության ենթարկել մի քանի նոր զարգացումներ, ինչպես նաև կգնանք Լեռնային Ղարաբաղի խաղաղ գործընթացի զարգացման հետքերով:
Ինչպես մեզնից շատերը լավ գիտակցում են, Լեռնային Ղարաբաղը և հայ-թուրքական հարաբերությունները Հայաստանի արտաքին քաղաքականության երկու կենտրոնական խնդիրներն են: Ինչպես Լեռնային Ղարաբաղի, այնպես էլ հայ-թուրքական հարաբերությունների խնդիրը շարունակում են ազդել Հայաստանի արտաքին քաղաքականության և ազգային անվտանգության վրա: Այս շաբաթ կքննարկենք Լեռնային Ղարաբաղի թեման:
Կազանյան հանդիպումից հետո մենք կարող ենք տեսնել Մինսկի խմբի և Ռուսաստանի Դաշնության կողմից գործադրվող նոր ջանքեր Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի միջև բանակցություններում միջնորդի դեր կատարելու գործում: Հետաքրքրականն այստեղ այն է, որ մոտակա օրերին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին կանչել են Մոսկվա՝ Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդևի հետ հանդիպման, որի ընթացքում կողմերը կքննարկեն Ղարաբաղյան խնդիրը: Հետաքրքիր է նաև, որ դեռ պարզ չէ՝ Հայաստանի նախագահը նո՞ւյնպես կմեկնի Մոսկվա, թե՞ ոչ: Այս փաստը, սակայն, արտացոլում է Ռուսաստանի հիասթափությունը առաջընթացի բացակայության պատճառով, ինչպես նաև ցույց է տալիս, որ Ռուսաստանը գիտակցում է, որ խնդիրները առաջացնում է ադրբեջանական կողմը: Եկեք, սակայն, հետադարձ հայացք նետենք և նայենք խաղաղ գործընթացի զարգացման ճանապարհին: Լեռնային Ղարաբաղի խնդիրը իրականում իր բնույթով ոչ միայն Հայաստանի և Ղարաբաղի հակամարտությունն է Ադրբեջանի հետ, այլ նաև հանդիսանում է միջազգային իրավունքի կոնֆլիկտ: Այստեղ մենք հանդիպում ենք միջազգային իրավունքի սկզբունքների հակասությանն ու բախմանը: Լեռնային Ղարաբաղի խնդրում այդ երկու իրարամերժ սկզբունքներն են ազգային ինքնորոշման իրավունքը և ոչ պակաս կարևոր՝ տարածքային ամբողջականության իրավունքը: Հետաքրքիր է, որ այս հակամարտությունը բավական յուրահատուկ է: Այն քիչ նմանություններ ունի Աբխազիայի, Հարավային Օսիայի և նույնիսկ նախկին Հարավսլավիայի հակամարտությունների հետ:
Լեռնային Ղարաբաղը միշտ եղել է յուրահատուկ և, փաստորեն, որպես հակամարտություն՝ այն ծագել է Խորհրդային միության տարիներին: Լեռնային Ղարաբաղի խնդիրն ի սկզբանե կապված էր ազգային ինքնորոշման իրավունքի և Ղարաբաղի հայ բնակչության անվտանգության ապահովման անհրաժեշտության հետ: Հետաքրքիրն այսօր այն է, որ մենք դեռևս տեսնում ենք այդ սկզբունքների բախումը, այն է՝ Ադրբեջանի կողմից պահանջվող տարածքային ամբողջականության իրավունքը և Ղարաբաղի կողմից բարձրացվող ազգային ինքնորոշման պահանջը: Լեռնային Ղարաբաղի օրինակը հետաքրքիր է նաև նրանով, որ վերջինս խորհրդային տարիներին Ադրբեջանից անջատվելու հարցում հետևել է յուրահատուկ օրինական գործողությունների շղթային, և Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղին ուղղված պահանջները միջազգային իրավունքի տեսակետից արդարացիորեն թույլ են: Սակայն այն, ինչ մենք տեսնում ենք այսօր, իրենից ներկայացնում է նուրբ երկխոսություն և բանակցություններ, ինչպես նաև խաղաղ գործընթաց, որի նպատակը Լեռնային Ղարաբաղի հարցում փոխհամաձայնության ձեռքբերումն է:
Ղարաբաղյան հակամարտության մեջ միջնորդի դեր կատարող միակ միջազգային մարմինը Եվրոպայում Անվտանգության և Համագործակցության Կազմակերպությունն է: Վերջինս կազմել է ավելի փոքր խումբ, որը հայտնի է «Մինսկի խումբ» անունով: «Մինսկի խումբ» անվանումը գալիս է 1990-ականներին գոյություն ունեցած սկզբնական նախագծից, որի նպատակը Բելառուսի մայրաքաղաք Մինսկում Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ ակնկալվող խաղաղ կոնֆերանսի անցկացումն էր: Մինսկի խումբը ներկայումս ունի երեք համանախագահող երկրներ. Միացյալ Նահանգներ, Ռուսաստան և Ֆրանսիա: Ֆրանսիացիների դերը Մինսկի խմբում, երբ նրանք առաջին անգամ դարձան անդամ, Միացյալ Նահանգներին և Ռուսաստանին հավասարակշռելն էր, որպեսզի այս գործընթացը չվերածվեր Վաշինգթոնի և Մոսկվայի միջև հակասությունների կամ հակամարտության: Այնուամենայնիվ, այսօր կարելի է նկատել, որ վերջին մեկ-մեկուկես տարվա ընթացքում Ղարաբաղյան հակամարտության մեջ դիվանագիտական միջնորդություն կատարելու գործում մենք ավելի շատ տեսնում ենք ռուսական նախաձեռնություն: Սա և′ լավ է, և′ վատ:
Այս փաստը մարտահրավեր է, քանի որ Ռուսաստանը տարածաշրջանում ունի իր սեփական շահերը և իր սեփական հարաբերությունները Հայաստանի հետ: Այն շատ հեռու է անկողմնակալ միջնորդ լինելուց: Իրականում Թուրքիային թույլ չտրվեց դերակատարություն ունենալ Մինսկի խմբում Ադրբեջանին ցույց տված աջակցության և անկողմնակալության կամ օբյեկտիվության պակասի պատճառով: Այսօր, սակայն, մենք տեսնում ենք, որ Ռուսաստանը Մինսկի խմբում Ղարաբաղյան հակամարտության միջնորդության նախաձեռնությունն ու առաջնահերթությունը իր ձեռքն է վերցրել:
Հետաքրքրականն այստեղ այն է, թե ինչպես և ինչու Ռուսաստանին թույլ տրվեց վերցնել դիվանագիտական նախաձեռնությունը: Այս հարցում մեծ նշանակություն ունի Ռուսաստանի և Վրաստանի միջև պատերազմից հետո ստեղծված իրավիճակը, երբ Ռուսաստանը օգտագործում է Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը և այստեղ իր միջնորդությունը՝ որպես հնարավորություն՝ ցույց տալու Արևմուտքին, որ Ռուսաստանը կարող է դրական դեր խաղալ տարածաշրջանային անվտանգության և կայունության գործում: Ամերիկյան տեսանկյունից պարզ է դառնում` Վաշինգթոնը հասկանում է, որ Մոսկվան էական է խաղաղ գործընթացի առաջընթացը ապահովելու համար:
Ռուսաստանը և′ շատ ավելի մոտ է տարածաշրջանին, և′ վերջինիս ուժն ու ազդեցությունն այստեղ շատ ավելի մեծ են: Այնուամենայնիվ, մենք այսօր ռուսական կողմում կարող ենք տեսնել հիասթափություն: Կազանում Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպման ընթացքում Մինսկի խմբի մեծամասնությունը, հատկապես ռուսները, առաջընթաց էին ակնկալում: Եկեք տեսնենք, թե ինչու: Հետաքրքրականն այստեղ Ադրբեջանի դիվանագիտական ռազմավարության մեջ տեղի ունեցած փոփոխությունն էր: Կազանյան հանդիպումից առաջ Ադրբեջանի արտաքին գործերի նախարարը և ադրբեջանական շատ պաշտոնյաներ նշաններ էին անում և ակնարկներ էին տալիս, որ Ադրբեջանը որդեգրել է ավելի առաջադեմ մոտեցում և շատ ավելի հակված է գալ համաձայնության: Այդ պատճառով ակնկալիքները Մինսկի խմբում բարձրացան ` ընդգրկելով Ֆրանսիայի նախագահ Սարկոզիին, ԱՄՆ նախագահ Օբամային, որոնք անմիջականորեն միջամտեցին` կատարելով հեռախոսազանգեր, Հայաստանի և Ադրբեջանի նախագահներին ուղարկելով առաջընթացի խնդրանքներով նամակներ: Հետաքրքիր կերպով, սակայն, Կազանյան հանդիպման ընթացքում պարզ դարձավ, որ Ադրբեջանը պատրաստ չէ երկխոսել ազնվորեն:
Իրականում Ադրբեջանը իր դիվանագիտական ռազմավարությամբ վերադարձավ օրակարգին և փորձեց քննարկման առարկա դարձնել 10 տարբեր կետեր, որոնց շուրջ համաձայնություն արդեն իսկ ձեռք էր բերվել` նպատակ ունենալով կրկին պայքարել արդեն անցած «դիվանագիտական մարտերում»: Հետաքրքիր է` ինչու: Ադրբեջանական կողմում կարծիք կար, որ Մինսկի խմբում այսչափ բարձր ակնկալիքների պայմաններում ռուսները, ամերիկացիները և ֆրանսիացիները հակված կլինեն Ադրբեջանի օգտին զիջումների գնալ Մադրիդյան սկզբունքների` բանակցություններն առաջնորդող փաստաթղթի շուրջ որևէ համաձայնագիր ստանալու համար: Այս հարցում, սակայն, Ադրբեջանը, փորձելով ավելացնել ճնշումը Մինսկի խմբի վրա և փորձելով ավելի մեծ զիջումնր ստանալ միջնորդներից, քան թե Հայաստանից, չկարողացավ իրականացնել իր այս ռազմավարությունը, որովհետև Մինսկի խմբի արձագանքը լիովին հակառակն
էր:
Դա հուսախաբություն էր Ադրբեջանի անկեղծության պակասի և վերջինիս կողմից խոստացված զիջումների բացակայության պատճառով:
Այսօր մենք կարող ենք տեսնել, որ Ռուսաստանը փորձում է ապահովել դիվանագիտական հաղթանակ, սակայն այժմ դա ավելի բարդ կլինի, քան Կազանում էր: Ադրբեջանի կողմից հետաքրքրականն այն է, որ այժմ Մինսկի խումբը իր ամբողջ ջանքերը կենտրոնացրել է պատերազմը կանխելու, զինադադարը ուժեղացնելու, ինչպես նաև Ադրբեջանը բանակցությունների սեղանի շուրջ պահելու և վերջինիս բանակցային գործընթացից դուրս չթողնելու վրա, որովհետև Ադրբեջանը հիասթափված է առաջընթացի բացակայությունից և իրեն դավաճանված է զգում Թուրքիայի կողմից: Հենց սա է պատճառը, որ հիասթափված Ադրբեջանը փորձում է ուժեղացնել ճնշումը Մինսկի խմբի վրա: Այս համատեքստում պետք է նշել, որ Հայաստանի դիվանագիտությունը ավելի ուժեղ է ադրբեջանական կողմից: Մենք նաև տեսնում ենք, որ Հայաստանի դիվանագիտության մեծ մասը հիմնված է ռիսկայնության վրա, այն ռիսկայնության, որ միայն Ադրբեջանն է, որ չի ցանկանում գալ համաձայնության և զիջումներ կատարել:
Խնդիրն այն է, որ սա վտանգավոր կեցվածք է, քանի որ եթե Ադրբեջանը ևս մեկ անգամ փոխի իր ռազմավարությունը, Հայաստանը կարող է ամբողջությամբ պատրաստ չլինել՝ արձագանքելու որևէ երկիմաստ կամ կեղծավոր համաձայնության փորձի կամ Ադրբեջանի կողմից արվող թվացյալ զիջումների: Ուստի հնարավոր է, որ մենք մոտակա շաբաթներին ականատես լինենք Հայաստանի արտաքին քաղաքականության համար նոր փորձության և ազգային անվտանգության համար նոր մարտահրավերի, երբ ռուսները կփորձեն Հայաստանի և Ադրբեջանի նախագահների միջև ևս մեկ հանդիպման միջնորդ լինել:
Միաժամանակ պետք է նշել, որ ամառն անցնում է: Ադրբեջանի կողմից ռազմական գործողությունների հավանականությունը աստիճանաբար ավելի է նվազում, իսկ ռազմական վտանգի լծակի բացակայությունը կամ այդ վտանգի նվազեցումը կարող է ադրբեջանական կողմի համար նշանակել, որ վերջինս կարող է դառնալ նույնիսկ ավելի կամակոր, ավելի վճռական իր կոշտ, մաքսիմալիստական դիվանագիտական ռազմավարությունը առաջ տանելու հարցում: Միաժամանակ Հայաստանում մենք տեսնում ենք երկխոսության գործընթացը, որով Հայաստանը ավելի է ուժեղանում, ձեռք է բերում ավելի շատ օրինակարգություն (լեգիտիմություն)` միասնության և հզորության ուղերձ ուղարկելով դուրս, և այս համատեքստում պետք է նշել, որ Հայաստանը դիվանագիտության այս վերջին, սակայն ոչ վերջնական աստիճանին մոտենում է շատ ավելի ուժեղ դիրքերով:
Վերջապես, մենք տեսնում ենք վերջնաժամկետ: Մինսկի խումբը այժմ գործում է սեպտեմբերի վերջնաժամկետին ընդառաջ, և եթե սեպտեմբերին ոչ մի տեղաշարժ կամ իրական առաջընթաց չի գրանցվում, ապա Մինսկի խումբը կսկսի խորհել նոր տարբերակների մասին, ավելի ճկուն դառնալու համար, ինչը կներառի նաև այնպիսի քայլեր, ինչպիսիք առաջարկում են Եվրամիության որոշ ներկայացուցիչներ, մասնավորապես՝ Մինսկի խմբում Ֆրանսիային փոխարինելով Եվրամիության պաշտոնյայով: Սեպտեմբերին մենք տեսնելու և իմանալու ենք նաև,- ի միջի այլոց, ժամկետն այստեղ շատ էական է,- տարածաշրջանում ԵՄ հատուկ բանագնացի անունը, որը կանցնի իր պարտականությունների կատարմանը:
Մինսկի խումբը կփորձի նաև ներգրավել քաղաքացիական հասարակության ավելի լայն շրջանակներ` խաղաղ գործընթացում Եվրոպական Միության համար ավելի մեծ դերակատարություն ապահովելու համար, ինչպես նաև կարող է փորձել ներգրավել տարածաշրջանային խաղացողներին և խնդիրը քննարկելով Իրանի, Թուրքիայի և Վրաստանի հետ` ստեղծել շահագրգիռ կողմերի ավելի լայն շղթա կամ ավելացնել շահագրգիռ կողմերի քանակը խաղաղ գործընթացում: Ոստի մենք կրկին տեսնում ենք մոտալուտ փորձություն Հայաստանի արտաքին քաղաքականության համար, թեպետ Հայաստանի դիրքերը այսօր ավելի ուժեղ են, քան նախկինում: Սակայն, այնուամենայնիվ, Լեռնային Ղարաբաղի հարցում մոտակա ժամանակներս չսպասելով որևէ բեկումի, մենք պետք է սպասենք հետաքրքիր զարգացումների նոր ռաունդի:
Շնորհակալություն, որ մեզ հետ էիք այս շաբաթ: Հաջորդ շաբաթ մենք կշարունակենք այս թեման, սակայն ավելի խոր հայացք կնետենք Ադրբեջանի ներսում տեղի ունեցող իրադարձություններին` հատկապես համեմատելով Հայաստանի հետ:
Շնորհակալություն:










































