Այն, որ Արցախը հանձնեցին և դա հասկացաք, դրա համար էլ հիմա Սյունիքում ունենք այս իրավիճակը։ ԱԺ ամբիոնից այս մասին ասաց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը։
«Ադրբեջանական զինուժը Սյունիքում և Գեղարքունիքում առաջ է շարժվել։ Հիմա Շորժայում կրկին լարված իրավիճակ է։ Քիչ առաջ համայնքապետը փոխանցեց տեղեկատվություն։ Քիչ առաջ խոսել եմ Գորիսի քաղաքապետի հետ, իրավիճակը լարված է։ Որտե՞ղ է Պաշտպանության նախարարը։ Հասկանում եմ, որ Հյուսիսային պողոտայում լանչ է անում, երևի ժամանակ չունի այստեղ լինելու և պատասխանելու շատ կարևոր հարցերի։ Վարչապետն այս ամբիոնից օրեր առաջ հայտարարում էր, որ առաջնագծի կահավորման հետ որևէ խնդիր չունենք, առաջնագիծն իդեալական կահավորված է։ Որտե՞ղ էր մեր բանակը, որտեղ էր մեր զինուժը, որ 3.5 կմ ադրբեջանական զինված ուժերի 250 ներկայացուցիչ առանց մեկ կրակոցի, ճեմելով հատել է Հայաստանի պետական սահմանը, վերցրել են ռազմավարական նշանակություն ունեցող Սև լճի տարածքը, որի ջրային ռեսուրսից օգտվում է Գորիսը և հարակից ևս 9 բնակավայր»,-նշեց պատգամավորը։











































