Հայաստան կատարած այցից հետո Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը այց կատարեց նաև Ադրբեջան, որտեղ իր պաշտոնակցի հետ հանդես եկավ մամլո ասուլիսով։ Ասուլիսի ժամանակ Լավրովը հայտարարել է, որ հայկական կողմը պատրաստ է ականապատ դաշտերի քարտեզը հանձնել Բաքվին: Միաժամանակ, ՌԴ նախարարը շեշտել է, որ այս հարցը և հայ ռազմագերիների վերադարձի հարցը պետք է լուծվեն առանց նախապայմանների:
Քաղաքագետ Ռոբերտ Ղևոնդյանի կարծիքով՝ Ռուսաստանն ունի տարբեր լծակներ տարբեր կողմերի վրա ազդելու համար և այդ լծակներից մեկը գերիների խնդիրն է, որի միջոցով ազդում է Ադրբեջանի վրա, մյուս էլ ՝ ականապատված տարածքների քարտեզների հարցն է, որի միջոցով կարող է ազդեցություն ունենալ Հայաստանի վրա.«Փորձ է կատարվում ավելի լայն համատեքստում լուծել այդ խնդիրները ու այդ ամենը ծառայեցնել Ռուսաստանի շահերին։ Հենց այդ ամենի համար էլ Լավրովը նախաձեռնել էր տարածաշրջանային այցը։ Կարող ենք ասել, որ թե՛ Հայաստանում և թե՛ Ադրբեջանում Լավրովն այս առումով որոշակի հաջողություններ գրանցեց»,-«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց նա։
Ըստ Ղևոնդյանի՝ ոչ միայն գերիների, այլ շատ այլ հարցեր Ռուսաստանը կկարողանար իր ցանկությամբ լուծել.«Սակայն պետք է հասկանանք, որ մեծ տերությունները ոչ թե ցանկություններով են առաջնորդվում, այլ սեփական հեռանկարային շահերով։ Իսկ Ռուսաստանի հեռանկարային շահերը տարածաշրջանում ընդհանուր գործընթացներ հարուցելն ու դրա միջոցով խորհրդային ժամանակների հզորությանը հասնելն է։ Իսկ դրա համար անհրաժեշտ է, որ այնպիսի փոքր տերություններ, ինչպիսին Հայաստանն ու Ադրբեջանն են, որոնք գտնվում են Ռուսաստանի կարծիքով իրենց ազդեցության տիրությում սինխրոնացնեն իրենց քաղաքականությունն ու առհասարակ գործունեությունը Ռուսաստանի գործունեության ու քաղաքականության հետ։ Զարմանալի չէ, որ թե՛ Հայաստանում ու թե՛ Ադրբեջանում հարուցվել են գործընթացներ, որոնց շրջանակներում տարբեր դերակատարներ խոսում են ավելի շատ մերձեցման, Ռուսաստանի հետ ինչ-որ միութենական միավորման մասին»,-եզրափակեց նա։
Քաղաքագետ Լևոն Շիրինյանի կարծում է, որ մեր ժողովրդի համար ռազմագերիների հարցը նույնիսկ քննելի չէ և դա շատ լավ հասկանում է թե՛ Ռուսաստանը և թե՛ Ադրբեջանը.«Ես կարծում եմ, որ առանց ռուսների իմացության և ցանկության այդ գերիները Բաքվում չէին լինի, ուստի ով որ դիմել է այս քայլին և ով էլ որ օժանդակել դրան, հիմա համարում են, որ դա համարժեք հարց է քարտեզների տրամադրման հետ»,-«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց նա՝ ընդգծելով, որ Հայաստանը հավանաբար իսկապես տվել է իր համաձայնությունը։
Շիրինյանն ընդգծեց.«Եթե Ռուսաստանը չուզենար՝ այսօր Բաքվում գերիներ չէին էլ լինի։ Ես այդ հարցում վստահ եմ, նրանք օժանդակեցին այդ հարցում Բաքվին, որպեսզի Հայաստանին մատերի վրա խաղացնեն։ Ի դեպ՝ նրանց այդ հարցում օգնեց նաև Վազգեն վերջինը՝ Մանուկյանը իր այդ 17+ խաղերով։ Հասկանում էին, որ Հայաստանի իշխանությունը պատերազմից հետո թուլացած է, այժմ ուժ չունի նրանց հետ բերելու համար, դրա համար էլ սկսեցին այդ խաղերը։ «17+»-ի ջանքերը զուգորդվում էր գերիների խնդրի հետ, և դա արվում էր Հայաստանում քաոս առաջացնելու համար։ 17-ի միջոցով ուզում էին ոչնչացնել հայկական պետականությունը, որ մեր ժողովրդի իմաստության շնորհիվ չստացվեց։ Մոսկվան-Բաքուն ու 17+-ը համատեղ էին գործում , բայց մեր ժողովուրդը դա թույլ չտվեց։ Մեր ժողովուրդը հիմնականում նվիրված է լեգիտիմ իշխանությանը՝ ընդդեմ գողապետության»։








































