«Առաջին լրատվականի» հետ զրույցում «Զվարթնոց» օդանավակայանի մամլո խոսնակ Գևորգ Աբրահամյանը հայտնեց, որ օդանավակայանը տարեկան տեղափոխում է 2 միլիոն ուղևոր, սակայն այն ավելի մեծ ներուժ ունի և սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին նոր տերմինալի բացվելուց հետո կարող է սպասարկել տարեկան 3 միլիոն մարդու։ Այն հարցին, թե «Զվարթնոցն» արդյո՞ք կարող է դառնալ տրանզիտ թռիչքներ իրականացնող օդանավակայան, մամլո խոսնակը պատասխանեց.
«Մեր օդանավակայանը ունի հնարավորություն՝ սպասարկելու տրանզիտային չվերթներ։ Մենք դրա համար բոլոր պայմանները ստեղծել ենք։ Հաջորդ քայլը պետք է անեն ավիաընկերությունները։ Դա մեզանից կախված չէ»։
Աբրահամյանի խոսքով՝ այն, որ մեր օդանավակայանը կիրականացնի տրանզիտային թռիչքներ, միայն ժամանակի հարց է. «Մեր երկրի դիրքը, իրոք, շատ հարմար է տրանզիտ թռիչքներ իրականացնելու համար»։
Ի դեպ, անցյալ տարվա համեմատ, ավելացել է օդանավակայանի կատարած փոխադրումների թիվը։ Այս մասին հայտնում է քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության մամլո խոսնակ Նելլի Չերչինյանը։ Տարեսկզբից մինչև հուլիս իրականացվել է 852345 ուղևորափոխադրում։ Անցյալ տարի նույն վեց ամսիների ընթացքում կատարված ընդհանուր փոխադրումների թիվն աճել է 6265-ով։ Այս տարի ավելի շատ են իրականացվել նաև բեռնափոխադրումները։ Եթե 2010թ. մինչև հուլիս ամիսը կատարվել է 4787 բեռնափոխադրում, ապա այս տարի՝ 5011-ը։











































