ՀԱԿ-իշխանություն երկխոսության մասնակից իշխանական պատվիրակության ՕԵԿ-ական անդամ Խաչիկ Հարությունյանը այսօրվա հանդիպումից հետո «Առաջին լրատվականի» հետ զրույցում նշեց, որ հանդիպման ընթացքում Հայ ազգային կոնգրեսը ներկայացրել է օրակարգային առաջին հարցի վերաբերյալ իր հիմնավորումները: Հարությունյանը նշեց, որ այն բավականին երկար է տևել, քանզի Կոնգրեսի ներկայացրեց հիմնավորումները բավականին ծավալուն են եղել. «Այսօր մենք հիմնականում լսողի դերում էինք և լսեցինք ՀԱԿ-ի ներկայացրած հիմնավորումները»:
Հարությունյանը նշեց, որ հիմնավորումների ներկայացումից հետո պատվիրակությունները քննարկել են իրենց հետագա անելիքները և որոշվել է, որ երեքշաբթի օրը իշխանական պատվիրակությունը ներկայացնելու է օրակարգային առաջին հարցի՝ արտահերթ ընտրությունների անցկացման վերաբերյալ իրենց հիմնավորումները, փաստարկներն ու հակափաստարկները:
Հարությունյանը տեղեկացրեց, որ պայմանավորվածություն է ձեռք բերվել փուլ-առ-փուլ անցկացնել քննարկումներ յուրաքանչյուր ենթահարցի հետ կապված:











































