Օրերս պարզ դարձավ, որ Ռոբերտ Քոչարյանը գլխավորելու է ՀՅԴ-ի և Վահե Հակոբյանի «Վերածնվող Հայաստանի» դաշինքը: Տեսակետ կա, որ այս միավորումը որոշակի շանսեր կտա այս 2 ուժերին խորհրդարան անցնելու, սակայն կա նաև մոտեցում, որ ՀՅԴ-ն սրանով էլ ավելի է վարկաբեկվելու:
Այս խնդրի շուրջ «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում քաղաքագետ Արեգ Քոչինյանը նշեց. «Նախ ՀՅԴ-ի՝ այդ դաշինքի մեջ լինելու պահով պետք է արձանագրել հետևյալը. Այնպես չի, որ Դաշնակցությունն այստեղ որոշում կայացնելու կամ ընտրության հնարավորություն ուներ: Ըստ էության, այդ որոշումը կայացվել է ՀՅԴ-ի փոխարեն, կայացվել է ՀՅԴ մարմիններից դուրս, և իրենք կարծես թե, երկընտրանք չունեին էլ: Ինչ վերաբերում է «Վերածնվող Հայաստան» կուսակցությանը, ապա այստեղ այնքան էական չի կուսակցություն բառը, որքան այն ֆինանսական և մեդիա ռեսուրսները, որոնք մարդիկ կբերեն այդ դաշինք»:
Ինչ վերաբերում է Քոչարյանի գլխավորած այդ դաշինքի խորհրդարան անցնելու հնարավորությանը, Արեգ Քոչինյանն ասաց. «Ես չեմ բացառում, որ այդ դաշինքը կանցնի խորհրդարան, բայց դա որևէ կերպ չեմ կապում հասարակության ազատ կամարտահայտության հետ: Այսինքն ես համարում եմ, որ Քոչարյանն ունի բավականին մեծ ներուժ ոչ այնքան կապ ունեցող ընտրական գործընթացներին, որոնցով կարող են ազդեցություն ունենալ ընտրությունների վրա: Դա գումարն է, բիրտ ուժն է, մեդիա ռեսուրսներն են և այլն: Այդ ներուժը իր գլխավորած դաշինքն ունի և դա օգտագործելով նա, այո, կարող է հայտնվել խորհրդարանում: Այստեղ ընտրական գործընթացում ներգրավված մարմինների նպատակը պետք է լինի ապահովելու արդար դաշտ, ապահովել ռեսուրսների չարաշահման բացառումը»:
Հարցին, թե արդյոք այս ընտրությունների արդյունքում կունենանք ավելի բարձր որակի խորհրդարան, քան այսօր ունենք, նա պատասխանեց. «Ընտրությունների արդյունքում ավելի բարձր որակի խորհրդարան կունենանք միայն մեկ պարագայում, եթե խորհրդարանում տեսնենք աջ ուժերի ներկայացուցիչներ: Ընդ որում այդ ուժերի ներկայացուցիչները կարող են լինել նորաստեղծ կուսակցություններից, որովհետև հին ուժերը, որոնք կային և գործում են այս խորհրդարանում, դրանք ըստ էության, հին, ժանգոտած, կորած, նորից գտնված բանալիներն են, որոնք նոր դռներ չեն բացելու: Եթե մենք չունենանք նոր ուժեր խորհրդարանում, մենք, ըստ էության, ունենալու ենք փողոցը՝ տեղափոխված խորհրդարան, այդ նույն փողոցային բարքերը, միմյան անվանարկումները՝ կապիտուլյանտ, դավաճան, թալանչի, էլ գող փիսո, էլ քաչալ շուն»:
Արեգ Քոչինյանը հավանական է համարում, որ իր նշած նոր աջ ուժերը կհայտնվեն խորհրդարանում. «Ամեն ինչ կախված է նրանից, թե ինչքան արդարացի կլինի դաշտը, ինչքան արդարացի կլինեն ընտրությունները, նախընտրական պայքարը, ինչքան արդյունավետ կգործեն հենց այդ ուժերը, և հասարակությունն ինչքանով պատրաստ կլինի ինքն իրեն դուրս բերելու ստեղծված դիսկուրսից, ինչքանով պատրաստ կլինի լսելու ծրագրային դրույթներ և լսելու նոր մարդկանց»:
Հարցին, թե Քոչարյանի և ՀՅԴ-ի միավորումից նրանցից ո՞ր մեկն է տուժում, թուլանում՝ ՀՅԴ-ն, թե Քոչարյանը, քաղաքապետն արձագանքեց. «Դաշնակցությունը քոչարյանամերձ միավոր է, որը հիմա ուղղակի բացահայտվել է և ավելի բացահայտ գործում է Քոչարյանի դաշինքի ներքո: Ասել՝ սրանով Քոչարյանը ուժեղանում կամ թուլանում է, սխալ է, որովհետև Դաշնակցությունը միշտ էր Քոչարյանինը, առնվազն վերջին 15-20 տարիների ընթացքում: Այնպես չէ, որ ՀՅԴ-ն նոր է միացել Քոչարյանին, որ վերջինս դրանով ուժեղանա, կամ թուլանա: Ընդամենը իրենք հիմա ավելի բաց են խաղում այդ նույն խաղը»:





































