Իսպանիայի ազգային գրադարանից անհետացել է Վերածննդի դարաշրջանի իտալացի գիտնական Գալիլեո Գալիլեյի 5 գիրք, և ոչ թե մեկ, ինչպես հաղորդվել էր ավելի վաղ։ Այս մասին հայտնել են երկրի մշակույթի նախարարությունից։
Մարտի կեսերին հայտնի էր դարձել 1610 թվականի հրատարակության Sidereus Nuncius տրակտատի անհետացման մասին։ Գրադարանում այդ մասին իմացել են դեռևս 2014 թվականին, սակայն ոստիկանությանը հայտնել են միայն 2018-ին, իսկ հանրությանն այդ տեղեկությունը հասանելի է դարձել միայն վերջերս։
РИА Новости-ի հաղորդմամբ՝ ստուգմամբ պարզվել է, որ գրադարանից բացակայում է մոտ 15 հազար գիրք և փաստաթուղթ, որոնք գրանցված են բազայում։ Դրանցից առանձնահատուկ արժեք են ներկայացնում 54-ը, որոնց արժեքը գերազանցում է 5000 եվրոն։
Անհետացած գրքերի մեծ մասը կորել է 1980-90-ականներին, գլխավորապես՝ 1987 թվականին կատարված գողության ժամանակ։








































