«Առաջին լրատվական»-ի հարցերին պատասխանել է առողջապահության նախկին նախարար Արարատ Մկրտչյանը
Պարոն Մկրտչյան, կա տեսակետ, որ կորոնավիրուսի դեմ պատվաստվելը կարող է վարակի շղթան չկարողանա ջարդել, և պատվաստումը շատ ավելի կարևոր է այն երկրներում, որտեղ իրավիճակը սարսափելի է, օրինակ Բրազիլիայում, Հնդկաստանում: Ձեր կարծիքով, պատվաստումները կկարողանան խնդիրը լուծել և փակել թեման:
Եթե իմ կարծիքն եք ուզում իմանալ, ապա պետք է աշխարհում ինչքան մարդ կա, բոլորին բռնեն, պատվաստեն: Արդեն 1,5 տարի չի ավարտվում այս արհավիրքը և միակ փրկօղակը դա է, այն էլ այն մարդկանց համար, որոնք ունեն տարբեր խրոնիկ հիվանդություններ, դժոխքով են անցնում մարդիկ: Պետք է գնան պատվաստվեն, այլ ելք չկա: Մենք տեսնում ենք, որ սոցիալական հեռավորությունը հնարավոր չի պահպանել, մարդիկ հոգնում են դրանից, դիմակները հանում են, չեն կարողանում: Պետք է գնան պատվաստվեն, այսօր ամբողջ աշխարհն այդ գործընթացի մեջ է: Նույնը Հայաստանում է: Հեքիաթներ, պատմություններ, թե պատվաստումից հետո մեկի գլուխը ցավաց, մյուսը գլխապտույտ ունեցավ, անիմաստ բաներ են: 100 մլն մարդու պատվաստեցին, երեք հոգու մոտ ճնշման չգիտեմ ինչ փոփոխություն տեղի ունեցավ: Այսպիսի պնդումները վիճակագրության տեսանկյունից հավաստի չեն կամ անցողիկ են: Ես կոչ եմ անում բոլորին ուղղակի այդ փրկօղակից բռնել ու պատվաստվել: Պոլիլկինիկաներում արդեն պատրաստ են ընդունելու բոլորին: Արդեն Հայաստանում երեք տեսակի պատվաստանյութ ունենք, գնացեք պատվաստվեք, տարիքով մարդիկ, սոցիալապես անապահով շերտեր, բուժաշխատողներ: Միակ ելքը պատվաստումն է, այլ բանի սպասելու կարիք չկա:
Կարծում եք, որ պատվաստումների շնորհիվ կարող ենք հասնել իմունային բարիերի ձևավորմա՞նը:
Դե արդեն իսկ իմունային շերտ է ձևավորվել, իսկ պատվաստվելուց հետո այդ շերտը ավելի լուրջ ու ամուր կլինի: Մեղք է մեր հասարակությունը, մի քանի հիմարներ թշնամի են, հակաքարոզչություն են անում, չգիտես ինչ քաղաքական ապուշ ձևակերպումներ են տալիս: Չի կարելի այդպես, մենք մարդկանց կյանքի հետ գործ ունենք, ո՞նց կարելի է այդպիսի անհեթեթ ձևակերպումներով մարդկանց հեռու պահել պատվաստումից: Ովքեր այդպիսի հակաքարոզչություն են իրականացնում, նրանք հանցագործներ են:
Ձեր կարծիքով ինչո՞ւ է հասարակությունը խուսափում պատվաստումներից, ի՞նչն է հետ պահում նրանց:
Դա մարդկանց սոցիալական գիտակցության պրոբլեմից է, ընկալման պրոբլեմից: Դրա համար պետք է լսել մասնագետներին, կառավարությանը, առողջապահության նախարարությանը և գնալ պատվաստվել: Պետք չի տարբեր տեսակի հեքիաթասացների, տիեզերական ուժերի հետ այսպես կոչված կապեր ունեցողների լսել: Մեր երկիրը պատրաստ է այդ գործընթացին, եթե պատրաստ չլիներ, պատվաստանյութ չունենար, չկարողանար, դա այլ խնդիր կլիներ: Բայց պատրաստ է երկիրը, մնում է գնանք ու պատվաստվենք:
Բայց շատ են տարբեր տեսակի տեղեկությունները AstraZeneca պատվաստանյութի վերաբերյալ, նաև չինական պատվաստանյութի մասին շատերը տեղեկություններ չունեն:
Բայց ինչո՞ւ են ուզում ծանոթանալ, ինչու են ուզում հասկանալ, դա հաստատված պատվաստանյութ է, կենսաբանական նյութ է, պետք է ներմուծել օրգանիզմ, որ պաշտպանված լինեն ծանր դեպքերից: Մարդիկ մահանում են, սարսափելի ծանր են տանում: Այս 1,5 տարում ինչ ասես փորձեցինք, տարբեր գործիքներ կիրառեցինք, որոշ չափով մեղմեցինք, բայց չի ավարտում: Ամբողջ աշխարհը գնում է պատվաստումների, մենք այս փոքրիկ Հայաստանը չդարձնենք համաշխարհային հոսքին դեմ գնացող երկիր: Հավատացեք, աշխարհում մեզնից խելացի են, առաջանցիկ են: Երբ այստեղ մի քանի հոգի սկսում են հակաքարոզչությամբ զբաղվել, ես ապշում եմ: Գոյություն ունի աշխարհի փորձը, պետք է վերցնել ու հարցը լուծել: Ասում էին՝ կարող է բնական իմունիտետ ձևավորվի, բայց չի ձևավորվում, ուրիշ ի՞նչ անեն:
Իսկ այս վիրուսը մուտացիայի չի ենթարկվո՞ւմ:
Կարող է և ենթարկվի, բայց այս պրեպարատները բավականին ճկուն են, ունիվերսալ են: Այստեղ խնդիրը ոչ թե ընդհանրապես չհիվանդանալն է, այլ ամենակարևոր ծանր և մահացու դեպքերից խուսափելն է և համաճարակաբանական շղթան կտրելն է: Դրան հասնելու միակ լուծումը պատվաստումն է, իհարկե, մնացած կանխարգելիչ գործոնները պահպանելով:
Նշվում է, որ եթե անգամ 30 հազար մարդ պատվաստվի, համաճարակաբանական տեսանկյունից դա դեր չի կարող խաղալ: Այսինքն պետք է համատարած դարձնել պատվաստումները:
Մենք հիմա գիտական աշխատանքով չենք զբաղված, մենք մարդկանց պատվաստում ենք, որ մարդը կամ չհիվանդանա, կամ հիվանդանա թեթև: Մնացած քննարկումներն անհիմն են: Երկրագունդը վտանգված է, փրկել է պետք, իսկ միակ ելքը սա է:
Իսկ պատվաստումների դեմ այս հակաքարոզն ո՞ւմ է ձեռնտու:
Չգիտեմ, չեմ էլ հետաքրքրվում: Միայն գիտեմ, որ նման բան անողը թշնամի է:









































