ԱԺ «ժառանգություն» խմբակցության պատգամավոր Արմեն Մարտիրոսյանը, այսօր լրագրողների հետ հանդիպմանը խոսելով ներքաղաքական զարգացումներից, ասաց.
«Բավական խնդրահարույց իրավիճակ է առաջանում ընտրական գործընթացների հետ կապված այն առումով, որ որոշակի ընդդիմադիր ուժերի կողմից փորձ է արվում ցանկացած մակարդակի հանձնաժողովից դուրս գալ։ Կարծում եմ՝ հասարակությունը պետք է հասկանա, որ որքան էլ ընդդիմության ներկայացուցիչները ընտրական գործընթացում մինչև այժմ չեն կարողացել օրինական ընտրություններ անցկացնել, բայց ընդդիմությունը միշտ կարողացել է որոշակի զսպող հանգամանք լինել,- և հավելեց,- նույնիսկ 2007 թ. խորհրդարանական ընտրություններում ընդդիմությունը մոտ 30 տոկոսից ավելի ձայն ստացավ, խնդիրն այն է, որ այնքան քաղաքական կամք չունեցավ, որ միասնական ձևով հանդես գար։ Այս առումով, եթե մենք ուշադիր ենք նայում գործընթացներին, որ մինչ այժմ ընտրական հանձնաժողովներում եղել են, պարզ է դառնում, որ պետք է իրագործել «Ժառանգության» և ՀՅԴ-ի առաջադրած մեխանիզմը»։
Ա.Մարտիրոսյանի խոսքով՝ երկրում կարող է բովանդակային առաջընթաց լինել, եթե քաղաքական ուժերը բարելավման իրական նպատակ հետապնդեն և ձգտեն կառավարման համակարգի ամբողջական փոփոխության.
«Այդպիսի քաղաքական ուժ է «Ժառանգությունը», մենք կկարողանանք այնպիսի որակական փոփոխություններ բերել, որոնք իրավիճակային զարգացումների կբերեն»։
Պատգամավորը նաև նշեց, որ «Ժառանգությունը» միշտ պատրաստ է եղել ընտրությունների վերահսկման հարցում համագործակցել այլ ընդդիմադիր ուժերի հետ և պատրաստ է նաև այսօր։





































