Ադրբեջանցիները կորոնավիրուսի պատրվակով արգելել են Դադիվանք հայ ուխտավորների և քահանաների մուտքը, որ տեղի էր ունենալու վաղօրոք պայմանավորվածության համաձայն: Անկասկած է, որ կորոնավիրուսի պատճառաբանությունը ընդամենը հորինվածք է և խնդիրը Ադրբեջանի վարքագիծն է, որ վերջին շաբաթներին կարծես թե դառնում է նորմ և ուղղված է թերևս ոչ միայն Հայաստանի, իսկ գուցե ոչ այնքան Հայաստանի դեմ, որքան Ռուսաստանի: Ի վերջո, անկասկած է, որ այստեղ առաջանում է խաղաղապահների առաքելության արդյունավետության հարց, որովհետև Դադիվանքի հասանելիությունը ապահովում են ռուս խաղաղապահները և առաջացող խնդիրները բնականաբար ասոցացվում են խաղաղապահ առաքելության իրականացման արդյունավետության հետ:
Ակնառու է, որ կա ճնշումը Ռուսաստանի ուղղությամբ, ինչը թերևս պայմանավորված է մի շարք հանգամանքներով: Ըստ ամենայնի, Թուրքիայի հովանիով Ռուսաստանի վրա Ադրբեջանի ճնշումը պայմանավորված է նրանով, որ վերջին շրջանում աշխուժացել է նաև գործընթացը Մինսկի խմբի համանախագահության ձևաչափի ներքո քաղաքական գործընթաց սկսելու ուղղությամբ: Բաքուն ըստ ամենայնի Ռուսաստանի ուղղությամբ ճնշում ենթադրող քայլերը կատարում է իր վրա համանախագահության ճնշում թույլ չտալու համար: Բնական է, որ այդ մղումը արժանանում է Թուրքիայի աջակցությանը, քանի որ համանախագահության ձևաչափի աշխուժացումը էապես նվազեցնելու է Թուրքիայի դերակատարումը արցախյան հարցի հետագա ծավալման գործընթացում:
Ռուսաստանն այստեղ կարող է ևս ունենալ որոշակի շահագրգռություն, քանի որ պատերազմից հետո Թուրքիայի հետ պայմանավորվածությամբ ստատուս-քվոյի պահպանության հարցում ռուսները թերևս ավելի մեծ ակնկալիք կարող են ունենալ Մինսկի խմբի մյուս համանախագահներից, քան Թուրքիայից: Միևնույն ժամանակ, ավելի լայն իմաստով Ռուսաստանի համար թերևս հստակ է, որ Կովկասում ներկայությունը պահելու խնդիրը լուծելի է միայն Մինսկի խմբի մյուս համանախագահների հետ գործակցությամբ, որովհետև հակառակ պարագայում նրանց հետո գործակցության ռեժիմ կարող է հաստատել Թուրքիան, ինչը էլ ավելի է մեծացնելու ճնշումը Ռուսաստանի վրա: Հայաստանի խնդիրը այս համատեքստում մի կողմից Մինսկի խմբի համանախագահության աշխուժացմանը նպաստելն է, մյուս կողմից սակայն այստեղ խնդիրը չդիտարկելով փոխզիջման տրամաբանության մեջ: Այսինքն, աշխուժացման համար պետք է զիջի միմիայն Ադրբեջանը:
Մյուս կողմից սակայն, այդ խնդիրը լուծելու համար էական նշանակություն ունի Հայաստանում ներքին կայունությունը, որովհետև ներքաղաքական քաոտիկ կյանքով հնարավոր չէ ապահովել Հայաստանի ամուր դիրքավորում ներկայիս իրավիճակում: Այստեղ էլ սակայն խնդիրն այն է, որ Ռուսաստանն իր հերթին մի ձեռքով շարունակելով խաղը Թուրքիայի և Ադրբեջանի հետ, որպես նրանց հետ փոխզիջման միջոց կարող է դիտարկել Մինսկի խմբի աշխուժացումը Հայաստանի փոխզիջման հաշվին իրականացնելու հնարավորությունը: Հայաստանն այդ իմաստով փորձում է չդառնալ Ռուսաստանի վրա ճնշման ակամա մասնակից կամ գործիք, սակայն այդ հանգամանքն էլ իր հերթին Ռուսաստանը չպետք է փորձի դիտարկել որպես Հայաստանի թուլություն և ըստ այդմ Անկարայի հետ փոխզիջման հնարավորություն: Մինչդեռ ակնառու է, որ առնվազն որոշ ռուսական շրջանակներ, Հայաստանում իրենց արբանյակների օգնությամբ իրավիճակը դիտարկում են հենց Հայաստանի թուլության տրամաբանությամբ զարգացնելու համատեքստում:









































