Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել հրաժարականի մասին հայտարարությամբ, որը սկիզբ է դնում քաղաքական նոր զարգացումների, որոնք կարևորագույն նշանակություն են ունենալու նորանկախ Հայաստանի պատմության համար։
Հայաստանն անցել է չափազանց բարդ, հակասական և ամենաողբերգականը՝ արյունոտ ճանապարհ, որպեսզի հետագա ընթացքի համար ունենա ոչ միայն քաղաքական ուժերի, այլև քաղաքացիների պատասխանատվության գիտակցում: Անկասկած է, որ գործող իշխանությունն ու նաև քաղաքական ուժերը հաջորդաբար ունեն պատասխանատվության իրենց ահռելի բաժինը, բայց նույնքան անկասկած է, որ միայն այդ մեխանիզմը բավարար չէ պետական-հասարակական և անգամ համահայկական պատասխանատու ինստիտուցիոնալ միջավայր ստանալու և ազգային-պետական խնդիրներն այդպիսով արդյունավետ լուծելու համար:
Ակնառու է, որ Հայաստանի խորհրդարանի արտահերթ ընտրությունը լուծելու է ոչ միայն զուտ ներքաղաքական հարաբերակցության, այլև լայն նշանակության, ընդհուպ ռեգիոնալ նշանակության հարցեր: Այդ իմաստով է, որ տարբեր առիթներով նշել ենք և թերևս վերահաստատում ենք մեր այն կարծիքը, որ առաջիկա արտահերթ ընտրության առանցքային պայքարը թերևս ոչ թե իշխանության, այլ ընդդիմության համար պայքարն է: Դա ամենևին չի նշանակում, թե Հայաստանում իշխանությունը կարևոր հարց չէ: Հույժ կարևոր է, հակառակն ասելը կլիներ անհեթեթություն:
Ամբողջ խնդիրն այն է թերևս, գոնե մինչ այժմ եղած իրադրության և ուժերի հարաբերակցության համատեքստում, որ Հայաստանում գործող իշխանությունն ունի իր դիրքերը պահելու մեծ հավանականություն: Բայց ամբողջ հարցն այն է, որ բուն խնդիրը, որ կանգնած է պետության առաջ, ոչ թե այս կամ այն ուժի, այդ թվում՝ իշխանության, այլ պետության դիրքերն ամուր պահելն է: Այստեղ է, որ չափազանց կարևոր է դառնում այն, թե ինչպիսին է ոչ միայն իշխանությունը, այլ նաև ընդդիմությունը: Եվ եթե երկրում իշխանությունն ու ընդդիմությունը օբյեկտիվ ու սուբյեկտիվ հանգամանքների բերումով պայքարում են մեկ նպատակին ավելի լավ ծառայելու համար, ապա՝ երբ այդ նպատակը պետական շահն է, դա լավ է, բայց երբ այդ նպատակը այլ պետության շահն է՝ թեկուզ ռազմավարական դաշնակից ու բարեկամ հռչակված, ապա դա, մեղմ ասած, վատ է: Մինչդեռ Հայաստանում արդեն տևական, առնվազն տասնամյա և ավելի երկար տևողությամբ մի ցիկլ է, երբ խոշոր հաշվով Հայաստանի ընդդիմությունը պայքարում է ցույց տալու համար, որ իշխանությունից ավելի լավ և ավելի խորը կսպասարկի ռուսական քաղաքական ռազմավարությունը: Իսկ այդ ռազմավարությունը ներկայումս մտել է մի փուլ, որտեղ ավելի ու ավելի հավակնոտ ու ագրեսիվ կարող է դառնալ հայկական անկախ պետականության հանդեպ: Միևնույն ժամանակ, այդ ռազմավարությունն ավելի ու ավելի մեղմ է դառնում թուրքական հավակնությունների հանդեպ:
Այդ իրավիճակում Հայաստանի դիմադրողունակության բանաձևը պահանջում է Հայաստանում գաղափարական այլընտրանքի կրող ընդդիմության ձևավորում, որը կունենա շոշափելի հանրային աջակցություն հենց այդ նկատառումից ելնելով, հենց այդ հողի վրա՝ Հայաստանի հանրության մեծ աջակցությամբ բանաձևելով և ձևակերպելով Հայաստանի և այլ ուժային կենտրոնների, առաջին հերթին միջազգային անվտանգային համակարգի անխոս առաջատար հյուսիսատլանտյան բևեռի հետ հարաբերության հայեցակարգ: Սա ուղղակի պարզագույն մեխանիկա է, հատկապես այն ամենից հետո, ինչ տեղի է ունեցել հայ ժողովրդի հետ ոչ միայն դար առաջ, այլև առնվազն վերջին տասնամյակում: Կկարողանա՞ հայ ժողովուրդը էական քայլ կատարել այդ մեխանիկան հանգուցալուծելու ուղղությամբ՝ փոխելով ռեգիոնն իր մեկդարյա տրամաբանությամբ:
Հայաստանը նախկին-ներկա հասարակական-քաղաքական ծուղակից, կամ արդեն նկատելիորեն ճահճացող միջավայրից դուրս բերելու համար պահանջվում է ինտելեկտուալ շոշափելի ռեսուրս, քանի որ հանրությանը դուրս բերել հնարավոր է լինելու ոչ միայն երրորդ ուժի մասին խոսակցությունների, երրորդ ճանապարհի մասին հռչակագրերի, այլ այդ ճանապարհի կոնկրետ առաջարկների և անգամ մասնակցային միջավայրերի ձևավորման շնորհիվ: Հանրությունը շատ է տեսել հռչակագրեր, հավաստիացումներ, երդումներ և այժմ գնալու է միայն գործի, մասնակցային գործընթացի հետևից, որը ենթադրելու է ոչ թե փակ փողոց կամ հրապարակ, ոչ թե երթ կամ ցույց, այլ շատ կոնկրետ քայլեր նոր որակի միջավայրեր ձևավորելու ուղղությամբ՝ փոքրից դեպի մեծ: Այս տեսանկյունից, երբ խոսում ենք թավշյա հեղափոխությունից հետո քաղաքական ռեֆորմացիայի բացակայության մասին, այստեղ պատասխանատվությունը միայն քաղաքական նոր իշխանության դաշտում չէ: Ակնառու է, որ այդ իշխանությունը օբյեկտիվ և սուբյեկտիվ պատճառներով տապալել է ռեֆորմացիայի իր պատասխանատվությունը։ Բայց ակնառու է, որ տապալվել է նաև ինտելեկտուալ Հայաստանը: Խոսքը հանրային այն առաջադեմ շերտի մասին է, որը Հայաստանի ներքին կյանքում ակնկալում էր փակ համակարգի չեզոքացում ու ապամոնտաժում՝ դժգոհելով ստեղծագործական ներուժի իրացման ոչ բավարար պայմաններից:
Համակարգը ապամոնտաժվել է, դժգոհությունը՝ մնացել, և այդ դժգոհությունը այս դեպքում արդեն քաղաքական նոր իշխանության ոչ բավարար ռեֆորմատորությունից է: Արդարացի դժգոհություն է, բայց նաև որոշակիորեն արատավոր՝ այն իմաստով, որ շարունակում է խնդիրների լուծման թիրախը կամ հայացքը պահել դեպի դուրս ուղղությամբ: Կարևոր չէ, դժգոհության ուղղությունը դեպի գանձագող, կոռուպցիոն իշխանությունն է, թե ոչ բավարար ռեֆորմատորություն ցուցաբերող, բայց կոռումպացված և գանձագող չհամարվող իշխանությունը: Հայաստանի առաջադեմ հանրությունը շարունակում է իրավիճակի փոփոխության շահառությունն արտահայտել առավելապես դժգոհությամբ՝ առ տվյալ ժամանակի իշխանությունը: Կրկնենք, դժգոհությունը ներկայումս տեղին է, ռեֆորմները անարդյունավետ են, պատերազմն էլ ավելի է խորացրել խնդիրները:
Բայց այստեղ է նաև, որ պետք է դրսևորվի առաջադիմության առանցքային հատկանիշներից մեկը՝ նախաձեռնողականությունը: Եթե կան դարձյալ խանգարող հանգամանքներ, որոնք գալիս են փակ համակարգից, ապա դա այլ հարց է և պետք է բարձրաձայնել այդ մասին: Բայց ի՞նչ ջանքեր է գործադրել ինտելեկտուալ, առաջադեմ Հայաստանը՝ նախկին փակ և արգելափակող համակարգի ապամոնտաժումից կամ հեռացումից հետո ստեղծված նոր և բաց տարածությունում: Ի՞նչ ջանքեր են գործադրվել, որոնք բախվել են համակարգային արգելափակոցների, որոնք կանգնեցրել է քաղաքական նոր իշխանությունը:
Ի վերջո, Հայաստանում ինտելեկտուալ ռեսուրսի առաքելությունը լոկ մասնագիտական տիրույթներում հաջողությունները չեն, որոնք թեկուզ իրենց մուլտիպլիկատիվ էֆեկտով վերածվում են հանրօգուտ բարիքի: Հայաստանում առաջադեմ, ինտելեկտուալ ռեսուրսի խնդիրը սեփական ներուժը նաև հանրային կյանքի միջավայրային ռեֆորմացիային ուղիղ ծառայեցնելն է: Դա, իհարկե, պետք է անեն քաղաքական և քաղաքացիական ինստիտուտները, սակայն Հայաստանում այդ դաշտի սպառվածությունը կամ որոշակի կարծրացածությունը նորություն չէ, հետևաբար՝ անհրաժեշտ է թարմ շունչ, որը հույս չի դնում քաղաքական ղեկավարության կամ քաղաքական ընդդիմության, կամ անգամ երրորդ ուժի հավակնորդների «թոքերի» վրա, այլ գնում է նոր միջավայրեր ձևավորելու ճանապարհով:
Օբյեկտիվ է՝ երբ պատերազմում ծանր պարտություն կրած, գրեթե մի ամբողջ երիտասարդ սերունդ կորցրած, տարածքների կորուստ ունեցած և անվտանգության փլուզված համակարգի առաջ հայտնված պետության ներսում ներքաղաքական թեժ իրավիճակ է և դիմակայություն: Դա օբյեկտիվ է, տարօրինակ կլիներ, եթե լիներ հակառակը՝ հանդարտ, հանգիստ ներքաղաքական կյանք: Տարօրինակը սկսում է այլ տեղից կամ կետից՝ այդ ներքաղաքական կյանքի բովանդակությունից: Եթե ներքին հասարակական-քաղաքական թեժ մթնոլորտը օբյեկտիվ է, ապա այդ մթնոլորտի անբովանդակությունը բացարձակապես սուբյեկտիվ իրողություն է: Ներքաղաքական իրավիճակը, պայքարը, դիմակայությունը թեժացնում է ոչ թե պետական անվտանգությանն ու հեռանկարներին առնչվող որևէ բովանդակություն, այլ կեղծիքը, սուտը, այսպես ասած՝ ֆեյք նյուզը, հանրության հոգեբանական կետերի վրա խաղալու անբարո մղումը, պատերազմի զոհերի և անհետ կորածների, ռազմագերիների հարազատների զգացմունքների վրա խաղալու անբարոյությունը: Այդ ամենը վկայում է, որ այն, ինչ կատարվում է հետպատերազմյան Հայաստանում, ունի որպես նվազագույն նպատակ՝ Հայաստանում անկայուն և անորոշ մթնոլորտով երկիրը պարզապես խաղից նաև հետպատերազմյան շրջանում դուրս բերելը, իսկ որպես առավելագույն նպատակ՝ երկրում հանրայնորեն ոչ լեգիտիմ զարգացումներ խթանելով ուղղակի քաոսի մատնելն ու այդպիսով քաղաքացիական բախումների երկարատև գործընթաց հրահրելը:
Ներկայիս գործընթացների մեջ գտնվող յուրաքանչյուր ոք թերևս պետք է հաշիվ տա ինքն իրեն, թե այդօրինակ իրադարձությունները ինչ հարց են օգնում լուծել, ինչ հարց են օգնել լուծել մինչ այժմ՝ այս ամիսների ընթացքում, և փոխարենը ինչ գործընթացների են խանգարում, որտեղ Հայաստանը, թերևս, կարող էր ավելի վստահ կեցվածք ունենալ անգամ պարտությունից հետո, եթե չլիներ ներքաղաքական օբյեկտիվ թեժության սուբյեկտիվ անբովանդակությունը: Բանն այն է, որ մարտահրավերների, ապագայի հեռանկարների շուրջ բովանդակային պայքարը Հայաստանը կուժեղացներ, անգամ շատ թեժ լինելու պարագայում էլ: Մինչդեռ, առավելապես զգայական հռչակումների վրա թեժացվող մթնոլորտը անում է բոլորովին հակառակը՝ ոչ թե Հայաստանին է տալիս հնարավորություն, այլ տալիս է հնարավորություն Հայաստանի հանդեպ: Թե ում, այստեղ թերևս կարող ենք թվարկել ամենատարբեր անուններ, թեև դրա կարիքը չկա էլ: Բավական է տեսնել, թե ովքեր են զբաղված Արցախի դեմ ագրեսիայից հետո ռեգիոնը բաժանելու գործով:









































