Մի քանի ժամ անց պարզ կլինի, թե արդյո՞ք Միացյալ Նահանգների նախագահը հայերի ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացում կբացի նոր էջ՝ ճանաչելով այն և ստեղծելով նոր իրավիճակ ոչ միայն ԱՄՆ, այլ ընդհանրապես միջազգային քաղաքականության շրջանակում:
Ակնառու է, որ մինչ այժմ հարցի շուրջ զարգացումները եղել են աննախադեպ: Ճանաչման սպասումը կամ հարցադրումները եղել են գրեթե ամեն ապրիլի 24-ին, սակայն այս դեպքում աննախադեպ են հենց ամերիկյան հեղինակավոր մամուլում արտահոսքերը և Սպիտակ տան խորհրդավոր լռությունն այդ առնչությամբ: Մի քանի տարի առաջ, դեռևս փոխնախագահ Բայդենը հայազգի մի երիտասարդի հետ զրույցում նշում էր, որ Սերժ Սարգսյանն էր հատուկ դիմել չճանաչել ցեղասպանությունը և չխանգարել հայ-թուրքական կարգավորմանը: Դա ֆուտբոլային դիվանագիտության շրջանում էր, սակայն Բայդենի ու երիտասարդի զրույցը եղավ իհարկե հետո և հայտնվեց համացանցում մի քանի տարի առաջ: Բարդ է ասել, ԱՄՆ այն ժամանակ փոխնախագահը ներկայացրել էր իրավիճակը ամբողջությամբ, թե մասնակի, որովհետև Սերժ Սարգսյանն իհարկե չէր գնա Բայդենին «խմբագրելու» քաղաքական անշրջահայացության ճանապարհով, եթե անգամ ունենար դրա հիմքը:
Այդուհանդերձ, երբ դիտարկում ենք հայերի ցեղասպանության ամերիկյան ճանաչման հանգամանքը՝ իսկ դրա միջազգային նշանակությունն անշուշտ ուղիղ համեմատական է Նահանգների համաշխարհային գերակա կշռին, այստեղ թերևս կանգ ենք առնում երկու ճյուղի առաջ: Այդ ճանաչումը ինչ կարող է տալ Թուրքիային հատուցման իրավական պահանջներ ներկայացնելու տեսանկյունից, և այդ ճանաչումը կամ չճանաչումը որքան կարող է նպաստել հայ-թուրքական հարաբերության կարգավորման գործընթացին: Խոսում եմ կարգավորման, այլ ոչ հաշտեցման մասին, որովհետև հաշտեցումը առավել քան բարդ խնդիր է: Ժամանակը ցույց տվեց, որ չճանաչելը ամենևին դրական ազդեցություն չի թողնում հայ-թուրքական կարգավորման վրա, որովհետև այն բազմաթիվ հանգամանքներով պայմանավորված գործընթաց է և հնարավոր չէ մեկով լուծել բոլոր հարցերը: Իսկ ի՞նչ կտա ճանաչումը: Եթե մենք գնում ենք հատուցման ճյուղը զարգացնելու ճանապարհով, ապա հայ-թուրքական հարաբերության կարգավորման ճյուղը ավելի շուտ կչորանա ավելի, քան կաճի: Եթե մենք գնում ենք հարաբերության կարգավորման ճյուղով, կամ դիտարկում ենք այդ ընթացքը, որպես առաջնահերթություն՝ իրատեսության ռեժիմում իհարկե, ապա առավել անիրատեսական կդառնա հատուցման ճյուղի աճը: Կա՞ երրորդ ճանապարհ կամ երրորդ ճյուղ: Միշտ կա իհարկե, քաղաքականությունը միշտ ունի այդպիսի հնարավորություն: Բայց այն, ըստ էության, հայկական մտապատկերում ձևավորված չէ, առնվազն ձևակերպված չէ: Մինչդեռ, 106 տարվա ընթացքում, երբ հայկական հասարակական-քաղաքական, ազգային-պետական մտքում ձևավորվել և կարծրացել է երկու ճյուղերի ստատուս-քվոն, էապես փոխվել է ռեգիոնալ ու համաշխարհային միջավայրը, ցավալիորեն այդ թվում նաև Արցախի դեմ 44-օրյա դաժան պատերազմով: Թուրքիան արդեն մեր ոչ միայն մեկ, այլ երկու կողմում է, եթե դիտարկենք պայմանականորեն: Հետևաբար մենք պետք է կարողանանք խաղալ նվազագույնը երկու ճյուղով, նրանցից միայն մեկն ընտրելու փոխարեն: Պարզապես պետք է կայացնենք կարևորագույն որոշումներ, թե որն է լինելու մեր հիմնական, իսկ որը՝ պահեստային խաղաքարտը:








































