«Առաջին լրատվականի» հետ զրույցում, մեկնաբանելով Թուրքիայի վարչապետ Էրդողանի՝ ԱԳ նախարար Դավութօղլուին Դամասկոս ուղարկելու որոշումը, թուրքագետ Արտակ Շաքարյանը նշեց.
«Սիրիան չի կարող համեմատվել ոչ մի դեպքում Լիբիայի հետ, քանի որ թե նրանց աշխարհագրական դիրքը, թե հարևանները թույլ չեն տալիս։ Մասնավորապես՝ Սիրիայի հարևանն է Իրանը, որը թույլ չի տա, որ իր հարևանի հանդեպ որևէ ռազմական գործունեություն տեղի ունենա, և, բացի դրանից, Սիրիան նաև Մերձավոր Արևելքի եռանկյունու մեջ է։ Եվ ԱՄՆ-ն, ՆԱՏՕ-ն, որոնք արդեն Իրաքի ճահճում խրվել են, չեն ցանկանա կրկին Իրաքի հարևանների հետ գործ ունենալ։ Այս առումով Արևելքը գիտակցում է, որ ճնշում գործադրելը հիմնականում դիվանագիտական մեթոդով է լինելու»։
Թուրքագետը չբացառեց, որ Թուրքիան ակտիվ ներգրավվածություն կունենա գործընթացում, բայց, ըստ նրա, Թուրքիան չի ներգրավվի այս գործընթացում որևէ արդյունքի հասնելու համար, ավելի շատ Թուրքիային հետաքրքիր է գործընթացը փորձելը։ Ավելի շատ Թուրքիան ոչ թե լուծում ստանալու համար է քայլեր անում, այլ ավելի շատ PR-շոուներ է անում՝ ցույց տալով աշխարհին, որ այնտեղ, որտեղ Արևմուտքը չի կարողանում գործ ունենալ, Թուրքիան ազատորեն գործում է՝ Արևմուտքին ցույց տալով, որ առանց իրեն անհնար է Մերձավոր Արևելքում լուրջ քայլ կատարելը։
Խոսելով այս դեպքում Իրանի հնարավոր դիրքորոշման ու արձագանքի մասին՝ Ա. Շաքարյանը նշեց.
«Թուրքիան և Իրանը մրցակցում են Մերձավոր Արևելքում առաջատաևր դիրքեր գրավելու համար։ Իրանը, պահելով Թուրքիայի հետ դիվանագիտական քաղաքականության նորմերը, կփորձի քննադատել Անկարային՝ արևմտյան շահերը պաշտպանելու համար»։
Ինչ վերաբերում է Թուրքիայի՝ իր, Հյուսիսային Իրաքի և Սիրիայի սահմանային հանգուցակետում բուֆերային գոտի ստեղծելու ձգտմանը, ապա Ա. Շաքարյանի խոսքով՝ դա Թուրքիայի երազանքների երազանքն է, ուստի ամեն ինչ կանի, որ ստեղծի այդ գոտին։









































