Թուրքիայի արտգործնախարար Մեվլյութ Չավուշօղլուն մեկնաբանել է թուրքական Baykar ընկերության մամուլի ծառայության հայտարարությունն այն մասին, որ Ուկրաինան արդեն իրենից գնել է Bayraktar անօդաչու թռչող սարքեր:
«Մենք անօդաչու թռչող սարքեր ենք վաճառում նրանց, ովքեր դա հայցում են», – հայտարարել է Չավուշօղլուն, նշելով, որ Անկարան դրա համար որևէ նախապայման չի դնում:
«Այս գործարքը Ռուսաստանի դեմ չէ», – հավաստիացրել է նա, հավելելով, որ եթե Մոսկվան նման կարիք ունենա, ապա, «քանի որ մենք նրանից ենք գնել Ս-400 համալիրներ, մենք նաև կվաճառենք մեր արտադրանքը»:
«Բարեբախտաբար, մենք լավ արտադրություն ունեցող երկիր ենք, վաճառելու բան ունենք», – նշել է Չավուշօղլուն:
Ավելի վաղ Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը, պատասխանելով այն հարցին, թե մտահոգո՞ւմ են արդյոք Ռուսաստանին՝ Կիևին զենքի վաճառքի գործարքները, հայտարարել էր, որ Մոսկվան նախազգուշացնում է բոլոր պատասխանատու երկրներին, այդ թվում՝ Թուրքիային, Ուկրաինայի ռազմատենչ տրամադրությունները սնուցելուց:










































