Թե ինչու են հայերը շարունակում նախընտրել թուրքական հանգստավայրերն ու լողափերը՝ անտեսելով այն, որ Հայաստանում ավելի շատ են քարոզում հակաթուրքիզմ, իսկ թուրքերը՝ ավելի շատ խոսում Հայաստանի դեմ, փորձեց պարզել «Առաջին լրատվականը»՝ զրուցելով հայաստանյան մի քանի զբոսաշրջային գործակալությունների ու տուր-օպերատորների հետ:
VIP տուրիստական գործակալության ներկայացուցչի հետ զրույցից պարզ դարձավ, որ Թուրքիա մեկնել ցանկացող հայերի թվի աճը բացատրվում է այնտեղ մատուցած սերվիսով: Թուրքիան Աջարիայից ու Վրաստանից հետո երրրորդ երկիրն է, որտեղ սիրում են հանգստանալ հայերը:
«Նաիրի Թրավել» տուրիստական գործակալության տուր-մենեջեր Դավիթ Տեր-Մկրտչյանի խոսքով՝ քաղաքականությունը քաղաքականություն, սակայն տուրիզմը այլ ոլորտ է: Հայերը հիմնականում մեկնում են Բելեք և Անթալիա, որտեղ սպասարկումը բարձր մակարդակի է: Ըստ «Ջասուտա» տուրիստական գործակալության ներկայացուցիչ Քրիստինա Մինասյանի, հայերը Թուրքիան նախընտրում են, քանի որ հանգստանալու մեկնելիս նրանց համար լրացուցիչ խնդիրներ չեն առաջանում՝ կապված վիզայի հետ, ինչը չի կարելի ասել Հունաստանի մասին: Բացի այդ, Թուրքիայի գները համեմատաբար մատչելի են:
«Յունոնա» տուրիստական գործակալությունում էլ Թուրքիայի լողափեր գնալու հայերի ձգտումը բացատրվում է նրանով, որ այնտեղ գործում են նույն գները, ինչ Սևանում կամ Ծաղկաձորում ու, բնական է, որ մարդիկ կձգտեն գնալ օտար երկիր, սակայն ստանալ լիարժեք սպասարկում:
Վերոնշյալից պարզ է դառնում, որ երբ հարցը վերաբերում է հանգստին, ապա հայերը նախընտրում են լավ սպասարկումը՝ անգամ եթե դա Թուրքիայում է:
Ի դեպ, հանգստանալու նպատակով Թուրքիա մեկնող հայաստանցիների թիվը 2011թ. առաջին 6 ամսվա ընթացքում, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, աճել է 8 տոկոսով՝ կազմելով 25 295 մարդ:










































