Երկու օր է՝ դրամի արժևորման որոշակի միտումներ են նկատվում։ Այսօր արդեն մեկ դոլարն արժե 514 դրամ՝ երկու օր առաջվա 535 դրամի փոխարեն։
ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, տնտեսագետ Գևորգ Պապոյանն «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց, որ առաջիկա օրերին ականատես կլինենք դրամի էլ ավելի արժևորման, քանի որ առկա չեն դրամի արժեզրկման տնտեսական հիմքերը, և արժեզրկումը հիմնականում ունի վարքագծային պատճառներ։
Պատգամավորի խոսքերով՝ մարդկանց մոտ վարքագիծն էլ ձևավորվում էր որոշ «վայ մասնագետների» չարագուշակ կանխատեսումներով՝ թե առաջիկա օրերին դոլարը կհասնի 550-600 դրամի։ Մարդիկ էլ այդ կանխատեսումներից խուճապահար սկսեցին գնալ ու դոլար գնել։ «Այդ վայ տնտեսագետների մի մասը միտումնավոր էր այդ կեղծ լուրերը տարածում, որպեսզի մարդիկ գնան թանկ գնով դոլար գնեն, հետո էժան վաճառեն ու տուժվեն, քանի որ իրենք իրենց լավ են զգում, որ մարդիկ տուժում են, իսկ մի մասն էլ այդքան գիտելիք չունի, դրա համար են նման վերլուծություններ անում։ Դրանք բոլորը սիրողական մակարդակի գնահատականներ էին, իսկ իրականությունն այն էր, որ խուճապի պատճառ չկար։ Ես ասում էի՝ ժողովուրդ, մի գնեք 550 դրամով դոլար, որովհետև վաղը ստիպված եք լինելու 510-ով վաճառել։ Եվ այդպես էլ եղավ, այսօր մարդիկ 510-ով վաճառում էին 540-ով գնած իրենց դոլարները։ Եվ այդ ամենի պատճառը որոշ մարդկանց կողմից միտումնավոր տարածվող խուճապն էր, որպեսզի Հայաստանում մակրոտնտեսական կայունություն չլինի, դոլարի կուրսը բարձրանա, գնաճ լինի, որպեսզի իրենք քաղաքական դիվիդենտներ շահեն։ Կրկնում եմ՝ կեղծ լուրեր տարածող մարդկանց մի մասի նպատակը հենց սա է»,-ասաց Պապոյանը։
Տնտեսագետի խոսքերով՝ ԿԲ-ն էլ էր հայտնել, որ դրամի մեծ արժեզրկման հիմքեր պարզապես չկան, և եղածը պարզապես պայմանավորված է վարքագծային գործոններով։ «Այո՛, դրամը կարող է 3-4 դրամով արժեզրկվի, քանի որ դոլարը ամբողջ աշխարհում է արժևորվել, բայց որոշ մարդիկ միտումնավոր ասում էին, թե դոլարը հասնելու է 550 դրամի, ու մարդիկ ստիպված գնումներ անելու փոխարեն գնում և դոլար էին գնում 535 դրամով, 540 դրամով, բայց այս օրերին արդեն ստիպված են վաճառել այդ դոլարը 510 դրամով, որպեսզի գնումներ անեն։ Կրկնում եմ՝ պատճառները զուտ վարքագծային են»,-ասաց Պապոյանը։
Պատգամավորի խոսքերով՝ թյուր են նաև այն կարծիքները, թե ԿԲ-ն արդեն չուներ բավարար գործիքակազմ դրամի արժեզրկումը կանխելու համար։ «Կենտրոնական բանկը ունի մի շարք գործիքակազմ, ունի հսկայական դոլարային պահուստավորված միջոցներ։ Այս մասով բացարձակապես խնդիր չկա»,- ասաց Պապոյանը։
Պատգամավորը հորդորեց՝ արժույթի որոշակի փոփոխություններում քաղաքական ենթատեքստեր չտեսնեն, դրամի արժևորումը չպայմանավորեն առաջիկա ընտրություններով կամ այլ քաղաքական զարգացումներով։ «Դոլարը ավելի է նվազելու, քանի որ չկան տնտեսական հիմքեր։ Չեմ բացառում, որ առաջիկա օրերին էլ ավելի է նվազելու։ Մենք կայունության մեջ ենք։ Մենք երբեք անկայունության մեջ չենք եղել»,- ասաց Պապոյանը։
Լուսանկարը՝ Armeniasputnik-ի









































