Օլիմպիական կրակի փոխանցավազքը խտաբնակ Օսակայի արևմտյան պրեֆեկտուրայում ապրիլի 13-ին սկսվել է առանց հանդիսականների մասնակցության և ոչ ընդհանուր օգտագործման ճանապարհներին: Այդ կրճատված ձևաչափով այն օլիմպիական շարժման պատմության մեջ տեղի է ունենում առաջին անգամ տեղական իշխանությունների խնդրանքով, որոնք անհանգստացած են նոր կորոնավիրուսով վարակումների թվի աճի սպառնալիքից, հայտնել է Տոկիոյում կայանալիք ամառային Խաղերի կազմկոմիտեն։
Փոխանցավազքը կազմակերպվել է տեղի խոշոր զբոսայգում, այն բաժանված է 200-ական մետրով փուլերի: Յուրաքանչյուր վազորդի թույլատրված է իր հետ բերել չորս հարզատներից և ընկերներից ոչ ավելի: Օլիմպիական ջահը, մասնավորապես, կտանեն Օսակայում բնակվող՝ Ճապոնիայում հայտնի արտիստներ և մարզիկներ: Փոխանցավազքը կտևի երկու օր: Ավելի վաղ Ճապոնիայի կառավարությունը տեղի իշխանությունների խնդրանքով Օսակայում սահմանել է վարակի տարածման դեմ պայքարի ուժեղացված միջոցներ: Ավելի քան 19 միլիոն բնակչությամբ պրեֆեկտուրաի բնակիչներին այդ առնչությամբ հորդորում են հնարավորինս դուրս չգալ տնից և խուսափել մարդկանց կուտակման վայրերից:
Օլիմպիական կրակի փոխանցավազքը Ճապոնիայում սկսվել է մարտի 25-ին Ֆուկուսիմայի պրեֆեկտուրայի J-Village ֆուտբոլի վարժական կենտրոնի տարածքում: Այն կտևի 121 օր, ջահը պլանավորվում է տանել երկրի բոլոր 47 պրեֆեկտուրաների 859 մունիցիպալիտետներով: Ինչպես սպասվում է, փոխանցավազքին կմասնակցի շուրջ 10 հազար մարդ: Օլիմպիական խաղերը Տոկիոյում պետք է տեղի ունենային 2020 թվականի հուլիսի 24-ից մինչև օգոստոսի 9-ը:
Սակայն կորոնավիրուսային վարակի գլոբալ բռնկման պատճառով մրցումները մեկ տարով հետաձգվեցին և կկայանան 2021 թվականի հուլիսի 23-ից մինչև օգոստոսի 8-ն ընկած ժամանակամիջոցում։










































