Грузия Online-ի փոխանցմամբ՝ Վրաստանի նախագահի մամլո խոսնակ Մանանա Մանջգալաձեն պատասխանել է ռուսական ու վրացական լրատվամիջոցներին Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդևի տված հարցազրույցին.
«Տագնապահարույց է այն, որ Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդևը ցինիկաբար արդարացնում է վրաց ժողովրդի դեմ Ռուսաստանի կողմից իրականացված էթնիկ մաքրումը։ Նախագահ Մեդվեդևը բացարձակ անպատասխանատու մեկնաբանություն է արել՝ ռուսական հատուկ ծառայությունների կողմից մեր տարածքում ահաբեկչությունների իրականացման վերաբերյալ մեր մեղադրանքին։ Նա գործնականում հաստատել է, որ ռուսական իշխանությունները չեն հետաքննել և չեն էլ պատրաստվում հետաքննել այդ հանցագործությունը և պատասխանատվության կանչել մեղավորներին։
Վրաստանը ցանկանում է Ռուսաստանի հետ ունենալ քաղաքակիրթ, բարեկամական հարաբերություններ, սակայն դա տեղի կունենա միայն այն դեպքում, եթե Ռուսաստանը հարգալից վերաբերվի Վրաստանին»։








































