Այսօր շուկայում տիրող գյուղմթերքների գներից բողոքում են թե՛ այն վաճառող գյուղացիները, թե՛ գնորդները: «Առաջին լրատվականի» հետ զրույցում գյուղատնտեսական գիտությունների թեկնածու Գառնիկ Պետրոսյանը կարծիք հայտնեց, որ դրա լուծումը պետության խնդիրն է. «Սա սոցիալական խնդիր է, որ պետությունը պետք է լուծի: Չպետք է էնպես լինի, որ հասարակության մի խավը մյուսի հաշվին իր կարիքները հոգա: Դա անթույլատրելի է»:
Նրա խոսքով, օրինակ՝ կարտոֆիլը դաշտից տանում են կիլոգրամը 130 դրամով, մանրածախը վաճառվում է նվազագույնը 200 դրամով: Կարտոֆիլի ինքնարժեքը 70-80 դրամ է, այսինքն՝ գյուղացու առավելագույն շահույթը կազմում է 40-50 դրամ/կգ, որը գյուղացու համար շատ փոքր թիվ է: Գ. Պետրոսյանը նշեց, որ եթե գյուղացին հնարավորություն ունենար ապրանքը վաճառեր 160 դրամով, ապա 20 տոննա հանձնելու պարագայում 500-600 հազար դրամ լրացուցիչ եկամուտ կունենար, որը ինչ-որ խնդիր կլուծեր:
«Գյուղացին այսօր հող մշակելուց չնչին եկամուտ է ստանում: Դա է պատճառը, որ երես է թեքում հողից: Սուտ է այն խոսքը, թե գյուղացին ծուլացել է: Գյուղացին չի՛ ծուլացել, նույն աշխատասեր ժողովուրդն է, պարզապես, երբ մարդն աշխատում ու քիչ արդյունք է ստանում, մտածում է այլ զբաղմունք գտնել»,- ասաց Գ. Պետրոսյանը:
Մասնագետի խոսքով, ՀՀ-ում դիզելային վառելիքն այսօր առասպելական գների է հասել, ու թեև միջազգային շուկայում վերջին օրերին 5-6%-ով գներն իջել են, սակայն մեր երկրում գնային փոփոխություն չկա:
Խոսելով կառավարության կողմից ցուցաբերվող աջակցության մասին՝ Գ. Պետրոսյանը կարծիք հայտնեց, որ 2009-2010 թթ. համեմատ իրավիճակը փոխվել է, գյուղնախարարությունը բավականին ակտիվացել է. «Սա ուրանալ չի կարելի՝ բարձրորակ սերմեր են ներմուծում, գյուղատնտեսական վարկերն են սուբսիդավորում, սահմանի վրա գյուղռեսուրսները ԱԱՀ-ից ազատեցին: Դա ինչ-որ տեղ մեղմեց իրավիճակը, բայց ասել, որ դա բավարար է՝ սխալ կլինի: Դա պետք է շարունակական, ամենօրյա լինի: Լավ քայլեր են, բայց շատ քիչ է: Գյուղն այնքան կարիք ունի, այնքան նեղ վիճակում է հայտնվել, որ շատ լուրջ ներդրումների կարիք կա»:
Գ. Պետրոսյանը մատնանշեց մի կարևոր հանգամանք ևս. գյուղացիները թողնում են իրենց տունն ու մասայաբար տեղափոխվում քաղաք. «Տեղափոխվում է մասնագիտական կրթություն չունեցողը, ով պետք է հովվություն աներ, արտը մշակեր: Ոչ թե սպառող դառնար, այլ ապրանք մատակարարող: Գյուղերում պետք է միջոցներ ձեռնարկել արդյունաբերությունը զարգացնելու, համաչափ տարածքային զարգացում ապահովելու համար»: Նաև Երևան մուտք գործող հատվածներում պետք է մեծածախ շուկաներ ստեղծել, որպեսզի գյուղացին կարողանա իր ապրանքն այդտեղ վաճառել:
Ըստ նրա՝ պաշտոնյաները չպետք է դեպքից դեպք ակտիվանան, այլ ամեն օր նրանց օրը պետք է գյուղով սկսվի: Մեծ դեր ունի նաև Հանրային հեռուստատեսությունը, որը սերիալներով զբաղվելու փոխարեն, պետք է մասնագետներ հրավիրի և ուղիղ կապ ստեղծի գյուղացու հետ, որպեսզի գիտնականները խորհուրդներ տան, թե ինչպես պայքարեն վնասատուների, հիվանդությունների դեմ:










































