2008թ, երբ Հարավային Կովկասի ստատուս քվոն փաստացի խախտվեց է և տեղի ունեցաց նոր իրողության հաստատման գործընթաց, երբ աշխարհաքաղաքական իրադարձությունները կրում էին բավական դինամիկ բնույթ, առնվազն մեր տարածաշրջանում շատ էին հնչում այդ գործընթացների մասին տարբեր գնահատականներ, այդ թվում և կրկնակի ստանդարտների քաղաքականության մասին: Ինքնին այդ արտահայտությունը, որ կիրառվում է քաղաքականության մեջ, սխալ հասկացություն է:
Բանն այն է, որ քաղաքականությունն ամենևին ստանդարտ գործընթաց չէ, հետևաբար որևէ քաղաքական իրադարձության, իրողության հանդեպ չի կարող լինել ստանդարտ մոտեցում: Դա էլ իր հերթին նշանակում է, որ կրկնակի «ստանդարտների քաղաքականություն» հասկացությունը առավելապես կեղծ կատեգորիա է` կոչված ծառայելու ընդամենը այս կամ այն պետության իշխանության քարոզչական շահին, դառնալու հասարակության հետ հարաբերվելու պրոպագանդիստական գործիք:
«Կրկնակի ստանդարտներ» հասկացությունը հաճախ կիրառվում է նաև ղարաբաղյան հակամարտության կարգավորման առնչությամբ մեկնաբանություններում, երբ կարգավորումը փորձ է արվում դիտարկել կովկասյան վերջին իրադարձությունների շրջանակում: Հաճախ են Հայաստանից միջազգային հանրությանն ուղղված մեղադրանքներ հնչում, որ հակամարտությունների կարգավորման տեսանկյունից, այդ հանրությունն առաջնորդվում է կրկնակի ստանդարտներով: Օրինակ` ճանաչում է Կոսովոյի անկախությունը, բայց մերժում է Ղարաբաղի ինքնորոշման իրավունքը: Կամ, ասենք, եթե անկախանալ և ճանաչվել կարող են Հարավային Օսիան, Աբխազիան, Կոսովոն, ապա ինչու՞ չի կարող Ղարաբաղը: Սրանք առաջին հերթին տրամաբանական, բայց ըստ էության պարզունակ ձևակերպումներ են:
Անկախության, ճանաչման իրավունքը միջազգային հանրությունը չէ, որ ընձեռում է: Ճանաչման իրավունքը ընձեռվում է տվյալ սուբյեկտի կամ նրա հզոր որևէ հովանավորի կողմից: Օրինակ` Կոսովոյում շոշափվում էին Միացյալ Նահանգների և Արևմտյան Եվրոպայի պետությունների շահերը, և նրանք հասան այն բանին, որ Կոսովոն հայտնվի համաշխարհային քարտեզի վրա իր առանձին գույնով: Նույն կերպ և հզոր խաղացողների շահերի բախումը հանգեցրեց Հարավային Օսիայի և Աբխազիայի խնդրի լուծմանը, այն իմաստով, որ Ռուսաստանը ճանաչեց նրանց անկախությունը, և դրան հավանաբար կմիանան մի քանի այլ երկրներ, որոնց կարելի է համարել Ռուսաստանի արբանյակները տարածաշրջանում և աշխարհում:
Սակայն ի՞նչ են շահում այդ պետությունները նման ճանաչումից, որ տեղի է ունենում ավելի շատ ոչ թե նրանց արժանիքների, աշխատանքի, այլ առավելապես աշխարհաքաղաքական դասավորությունների տրամաբանությամբ: Գրեթե ոչինչ: Նրանք ընդամենը դառնում են գործիք իրենց հովանավորների ձեռքին, իսկ ահա սեփական խնդիրները, որպես պետություն սեփական մարտահրավերները հաղթահարելու իմունային համակարգ այդպես էլ ձեռք չեն բերում: Հետևաբար հարց է առաջանում` արժե՞, արդյոք, որ Ղարաբաղը ևս դառնա նման զարգացումների արդյունքում ճանաչվող պետություն, թե՞ դառնա պետություն, որից հետո ինքը կարող է հետապնդել իր ճանաչման խնդիրը:
Մինչև որոշակի ժամանակահատված, մասնավորապես` 1990-ականների առաջին կեսին Ղարաբաղը փաստացի հենց պետություն էր դառնում: Պետություն դառնալն էր պատճառը, որ նա կարողացավ Հայաստանի օժանդակությամբ հաղթել իրեն մի քանի անգամ գերակշռող հակառակորդի պարտադրած պատերազմը: Ղարաբաղը պետություն էր դառնում, իսկ Հայաստանն այդ գործընթացին եթե չէր օժանդակում, ապա չէր խանգարում, թեև Հայաստանի իշխանության և Ղարաբաղի իշխանության միջև տարաձայնություններ կային տարբեր հարցերում:
Սակայն Հայաստանն իր դիրքը, իրենից Ղարաբաղի կախվածությունն ամենևին չէր օգտագործում Ղարաբաղի իշխանություններին ճնշելու և միասնական տեսակետ պարտադրելու համար: Հայաստանը թույլ էր տալիս, որ Ղարաբաղը կայանա որպես պետություն, և առաջին հերթին կայանա պետության հոգեբանությամբ: Դրա արդյունքը թե պատերազմի հաղթանակն էր, թե այն, որ Ղարաբաղին միջազգային հանրությունն ըստ էության ճանաչել էր` 1994 թվականին ԵԱՀԿ Բուդապեշտի գագաթնաժողովին որոշելով, որ Ղարաբաղը հակամարտության լիարժեք կողմ է և պետք է մասնակցի բանակցային ֆորմատին:
Իրավիճակը տրամագծորեն սկսեց փոխվել 1998 թվականից հետո, երբ Հայաստանի նոր նախագահ Ռ.Քոչարյանը որոշեց, որ ավելի արդյունավետ կլինի, եթե ինքը ներկայացնի նաև Ղարաբաղը: Այսինքն` Ռ.Քոչարյանն իրենով փոխեց Ղարաբաղը: Հետևաբար, երբ այժմ Հայաստանի որևէ շրջանակ, քաղաքական կամ քաղաքագիտական, խոսում է Ղարաբաղի ինքնորոշման իրավունքը, Ղարաբաղի անկախությունը ճանաչելու մասին, ապա պետք է խոստովանի, որ այն իրավիճակում, որը կա 1998 թվականից հետո, խոսք կարող է լինել միմիայն Ռ.Քոչարյանի ինքնորոշման իրավունքը, Ռ.Քոչարյանի անկախությունը ճանաչելու մասին, քանի որ 1998 թվականից ի վեր նա ասում է` «ես եմ Ղարաբաղը»:
Իսկ Ղարաբաղը այդ ընթացքում պետությունից վերածվեց գետտոյի, որտեղ պետական-քաղաքական-հասարակական կյանքը փոխարինվել է պրոպագանդային մի տիրույթի, ուր ամեն մի այլ կարծիք, որ ցանկացած պետության հիմքն է, գրեթե հավասարազորվում է դավաճանության: Հետևաբար այդ իրավիճակում Ղարաբաղի անկախության ճանաչումը կարող է հանգեցնել նույն Ղարաբաղի համար տխուր հետևանքի, քանի որ դա կնշանակի ուղղակիորեն լեգիտիմացնել այդ գետտոն, այն Հայաստանի իշխանության ձեռքի գործիքից վերածելով նաև այն տերությունների գործիքի, որոնք կճանաչեն Ղարաբաղը` լինի դա Ամերիկան, Ռուսաստանը, թե եվրոպական որևէ այլ երկիր:
Հետևաբար հայաստանյան և գուցե դրանից առաջ ղարաբաղյան հասարակության առաջ կանգնած է, ըստ էության, բավականին հիմնարար խնդիր` հասնել այն աշխարհաքաղաքական իրավիճակին, որ ինչ-որ մեկի համար սեփական շահերը անխուսափելի դարձնեն Ղարաբաղի անկախության ճանաչումը, ինչպես Կոսովոյի, Աբխազիայի կամ Հարավային Օսիայի դեպքում, երբ ճանաչումից հետո այս սուբյեկտները դե յուրե սուբյեկտությունը փոխարինում են դե ֆակտո խամաճիկության հետ, թե` հրաժարվել, ըստ էության, ճանաչման հասնելու այդ հեշտ և պարզունակ ճանապարհից ու գնալ պետություն դառնալու ճանապարհով, նախընտրելով դե ֆակտո ճանաչումը: Դրա համար, իհարկե, Ղարաբաղի և Հայաստանի իշխանություններից պահանջվում է զգալի ջանք և միտք:
Անհրաժեշտ է, որ Հայաստանի իշխանությունները հրաժարվեն իրենք իրենց Ղարաբաղի հետ նույնացնելուց, իսկ Ղարաբաղի իշխանություններն էլ անկախությունը չդիտեն լոկ իբրև օրացույցի կարմիր մի օր, երբ ուղերձով դիմում են ժողովրդին և նկարագրում, թե ինչ լավ բան է անկախությունը: Ղարաբաղի ժողովուրդը, անկասկած, լավ գիտե, թե ինչ լավ ու ինչ անհրաժեշտ բան է անկախությունը: Երևի թե արժե, որ Ղարաբաղի իշխանությունները Հայաստանի իրենց գործընկերներին բացատրեն, թե ինչ լավ բան է անկախությունը և ինչքան անհրաժեշտ, և մեկ էլ գուցե արժե, որ իրենք դա լիարժեք գիտակցեն ու պատկերացնեն: Այլապես ստացվում է, որ Հայաստանն է Ղարաբաղի հանդեպ երկակի ստանդարտ կիրառում` մի կողմից խոսելով Ղարաբաղի անկախությունն ու ճանաչումը իր արտաքին քաղաքական գերխնդիր համարելու մասին, մյուս կողմից` ամեն ինչ անելով, որ Ղարաբաղի իշխանությունները վարժվեն Հայաստանի իշխանություններով փոխարինված լինելու կարգավիճակին:









































