Անկարայի դատախազությունը պահանջել է 1-ից 4 տարվա ազատազրկման դատապարտել ֆրանսիական Charlie Hebdo երգիծական ամսագրի չորս աշխատակիցների՝ կապված Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանի հասցեին արված վիրավորանքի հետ:
Ինչպես գրում է DHA գործակալությունը՝ Թուրքիայի մայրաքաղաքի դատախազությունը մեղադրական եզրակացություն է հրապարակել, ըստ որի Charlie Hebdo- ի չորս աշխատակիցներ, այդ թվում՝ ամսագրի գլխավոր խմբագիր Ժերար Բյարը, մեղավոր են ճանաչվել Էրդողանին վիրավորելու մեջ:
Հետաքննության վարկածով՝ նրանք պատասխանատու են Թուրքիայի նախագահի ծաղրանկարի հրապարակման համար, որը «կոպիտ, անպարկեշտ, վիրավորական ու նվաստացուցիչ է»:
Հայցերն ուղարկվել են ֆրանսիացի իրավապահներին՝ մեղադրյալների ցուցմունքները ստանալու համար:
Հիշեցնենք, որ Թուրքիայի առաջնորդ Թայիփ Էրդողանը 2020-ի հոկտեմբերին դատական հայց էր ներկայացրել Charlie Hebdo- ի դեմ ծաղրանկարի համար, որը տպագրվել էր ամսագրի շապիկին՝ Փարիզի և Անկարայի հարաբերությունների ճգնաժամի ֆոնին: Դրա վրա Թուրքիայի նախագահը պատկերված էր կիսահագնված, զովացուցիչ ըմպելիքով բազկաթոռին նստած, իսկ մյուս ձեռքով բարձրացնում էր սպասուհու զգեստի փեշը: