Թուրքական Doğan լրատվական գործակալությունը, վկայակոչելով German Herald պարբերականը, հայտնում է, որ գերմանացի հնագետ Հեյնրիխ Կուշչը հայտարարում է, որ հայտնաբերել է քարե դարի ժամանակներում կառուցված թունելների մի ողջ ցանց, որը հատում է ողջ Եվրոպան՝ Թուրքիայից մինչև Շոտլանդիա։
Իր՝ «Դեպի անտիկ աշխարհը բացվող ստորգետնյա դռան գաղտնիքները» (Secrets Of The Underground Door To An Ancient World) գրքում Կուշչը պնդում է, որ մոտ 12,000 տարի առաջ կառուցված թունելների մի շարք հատվածներ հիանալի վիճակում են. օրինակ՝ Գերմանիայում գտնվող 700 մետր և Ավստրիայում գտնվող 350 մետր երկարության թունելները, որոնք ունեն 70 սանտիմետր տրամագիծ։ Թունելների մի շարք հատվածներ ունեն նստելատեղեր, սննդի պահեստներ և ապաստարաններ։
Գերմանացի հնագետը կարծում է, որ այդ թունելների ցանցն արվել է գիշատիչ կենդանիներից ու եղանակային վատ պայմաններից պաշտպանվելու համար։











































