Արդեն երկրորդ սեզոնն է, ինչ դարձյալ նորաձև են ջինսե լողազգեստները, որոնք արժե կրել նաև այս ամռանը ծովափին: «Առաջին լրատվականի» հետ զրույցում ասաց ոճաբան, Fashionblog.am կայքի հիմնադիրներից Արմեն Գալյանը:
«Ուշադրություն դարձրեք մետաղյա դետալներով լողազգեստների վրա: Դրանք շատ հաճախ կարող են զարդարված լինել ռոքային էլեմենտներով, որոնք հնարավոր է տեսնել տարբեր հավաքածուներում: Նորաձև են հատկապես սպիտակ լողազգեստները»,- ասաց ոճաբանը՝ ուշադրություն հրավիրելով տարբեր տեսակի «անիմալիտիկ պրինտերի» վրա՝ հովազի, զեբրի կամ վագրի: Լողազգեստները, նրա խոսքով, կարող են լինել լինել ոչ ավանդական գույների, օրինակ՝ վարդագույն հովազի նախշով:
Ինչ վերաբերում է միասին կամ առանձին հատվածներից բաղկացած լողազգեստներին, ապա ոճաբանը խորհուրդ տվեց դրանք կրել՝ հաշվի առնելով մարմնի համաչափությունը, կառուցածքը:
«Եթե կառուցվածքը համաչափ է, կարող եք կրել մեկ կտորից լողազգեստ, իսկ եթե վերևի կամ ներքևի հատվածը ավելի մեծ է, բնականաբար, երկու կտորից լողազգեստն ավելի հարմար է»,- ասաց Ա.Գալյանը՝ խորհուրդ տալով կրել նաև լայնեզր գլխարկներ, որոնք կարելի է կրել ինչպես ծովափին, այնպես էլ լողավազանների մոտ երեկոյան ժամերին: Բացի այդ՝ ոճաբանը խորհուրդ տվեց կրել տուրբաններ, որոնք այս սեզոնին շատ նորաձև են ու կսազեն հայուհիներին:
Ինչ վերաբերում է լողազգեստների արժեքին, ապա դրանք կարող են տարբեր լինել՝ կախված տվյալ ապրանքանիշից: Ոճաբանի խոսքով՝ եթե կինը իրեն կարող է թույլ տալ կրել թանկ լողազգեստ, ապա թող կրի, հակառակ պարագայում կարող է ընտրել պրինտերով ու տարբեր դետալներով հագեցած համեմատաբար էժան լողազգեստներ, այդուհանդերձ, ըստ նրա, «էժանագին լողազգեստն ունենում է էժանագին տեսք»: Նրա խոսքով՝ լողազգեստի ու ներքնազգեստի գները կարող են լինել շատ թանկ: Օրինակ՝ Victoria’s Secret-ը, որն արտադրում է համեմատաբար մատչելի ներքնազգեստներ, արտադրում է նաև ադամանդապատ, մինչև 1 միլիոն դոլար արժողությամբ կրծկալ: Բացի դրանից, ինչպես կարծում է ոճաբանը, կան բրենդներ, որոնց միայն «անունն արդեն շատ թանկ արժե»:
«Եթե դուք պատրաստ եք Dior-ի անվան համար վճարել, գնեք Dior: Սակայն հիմա այն սեզոնն է, որ գրեթե բոլոր խանութներում զեղչեր են, ինչը նշանակում է, որ անգամ լողազգեստն է հնարավոր գնել մատչելի գնով»,- ասաց Ա.Գալյանը:










































