ՀՀ տարածքային կառավարման նախարարին կից կոլեգիայի այսօրվա նիստում, որը վարում էր ՀՀ ՏԿ նախարարի առաջին տեղակալ Վաչե Տերտերյանը, ներկայացվեց ՀՀ միգրացիայի պետական կարգավորման քաղաքականության հայեցակարգի իրականացման 2012-2016 թթ. գործողությունների նախագիծը: ՀՀ միգրացիայի պետական կարգավորման քաղաքականության հայեցակարգը ՀՀ կառավարության կողմից հաստատվել էր 2010 թ. դեկտեմբերին:
ՀՀ ՏԿՆ միգրացիոն ծառայության պետ Գագիկ Եգանյանը տեղեկացրեց, որ Գործողությունների ծրագիրն ուղղված է հայեցակարգում սահմանված միգրացիայի պետական կարգավորման քաղաքականության հիմնախնդիրների լուծմանը:Այն քննարկվել է նաև շահագրգիռ պետական մարմինների, միջազգային և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների մասնակցությամբ, և նախատեսվում է ՀՀ կառավարության քննարկմանը ներկայացնել հոկտեմբերին:
ՀՀ միգրացիայի պետական կարգավորման քաղաքականության հայեցակարգի իրականացման 2012-2016 թթ. գործողությունների ծրագրի մշակումն ընդգրկված է Հայաստան-Եվրամիություն գործողությունների ծրագրի կատարումն ապահովող 2009-2011 թթ. միջոցառումների,ինչպես նաև ՀՀ կառավարության գործունեության 2011 թ. միջոցառումների ծրագրում:
Գ. Եգանյանը, ներկայացնելով նախագիծը, մասնավորապես, նշեց, որ հայեցակարգով և դրա իրականացումն ապահովող միջոցառումների ծրագրով նախատեսվում է բարելավել միգրացիան կանոնակարգող ՀՀ օրենսդրական դաշտը, այն համապատասխանեցնել ԵՄ օրենսդրության և լավագույն ինստիտուցիոնալ կառուցվածքների հետ: Կներդրվի միգրացիոն մոնիտորինգի, իրավիճակի վերլուծման և գնահատման միասնական համակարգ, կմշակվեն այլընտրանքային այլ աղբյուրներից միգրացիային առնչվող տեղեկատվության ստացման մեխանիզմներ, այդ թվում` 2-3 տարի պարբերականությամբ կիրականացվեն միգրացիոն հոսքերի ընտրանքային հետազոտություններ:
Գործողությունների ծրագիրն ուղղված կլինի նաև արտագնա աշխատանքի մեկնող ՀՀ քաղաքացիների իրավունքների և շահերի պաշտպանությանը: Այս համատեքստում կքննարկվեն միջազգային աշխատաշուկայում միջպետական երկկողմ պայմանագրերի կնքման , ինչպես նաև աշխատանքային միգրանտների շահերի պաշտպանությանն ուղղված գործող միջազգային պայմանագրերին Հայաստանի միանալու հնարավորությունները` նպատակ ունենալով ընդլայնել հանրապետությունից պայմանագրային հիմունքներով արտագնա աշխատանքների մեկնման հնարավորությունները:
2012-2016 թթ. կշարունակվի 1988-1992թթ. Ադրբեջանից բռնագաղթված փախստականների` հասարակության մեջ ինտեգրման գործընթացը` կմշակվի նրանց բնակարանային հիմնախնդրի վերջնական լուծման ծրագիր, կքննարկվի վերջինիս իրականացման հնարավորությունները պետբյուջեի և միջազգային դոնոր կազմակերպությունների միջոցների ներգրավմամբ:
Ըստ ՏԿՆ միգրացիոն ծառայության պետի` առաջիկա հինգ տարիներին կկատարելագործվի նաև օտարերկրյա քաղաքացիներին և քաղաքացիություն չունեցող անձանց մարդասիրական նկատառումներով ՀՀ կողմից տրամադրվող պաշտպանության համակարգը, մեկ պետական կառույցի համակարգում կկենտրոնացվեն օտարերկրյա քաղաքացիներին ապաստանի, կացության և ՀՀ օրենսդրությամբ սահմանված այլ կարգավիճակների տրամադրման գործառույթները:
Գ. Եգանյանի ներկայացմամբ, հայեցակարգը և գործողությունների ծրագիրն ընդգրկում են այն բոլոր հիմնախնդիրները, որոնք առաջնային են Հայաստանի համար` միգրացիոն քաղաքականության տեսանկյունից:Դրանք անդրադառնում են նաև հանրապետության սահմանային կառավարման համակարգի բարելավման, մարդկանց շահագործման /թրաֆիքինգի/ դեմ պայքարը և զոհերի պաշտպանությունն ավելի արդյունավետ կազմակերպման, անձի ինքնությունը հավաստող փաստաթղթերի պաշտպանվածության մակարդակի բարձրացման հարցերին:
Կոլեգիան ի գիտություն ընդունեց ՀՀ միգրացիայի պետական կարգավորման քաղաքականության հայեցակարգի իրականացման 2012-2016 թթ. գործողությունների նախագիծը:






































