Երեկ Հայ ազգային կոնգրեսը հայտարարություն էր տարածել, որում մասնավորապես ասել էր.
«Հայ ազգային կոնգրեսը հուլիսի 19-ին ներկայացրել էր պահանջներ, որոնց իրականացումը կստեղծեր բարենպաստ պայմաններ և մթնոլորտ երկխոսության համար: Եթե ուղիղ եթերով երկխոսության հեռարձակման կամ Կոնգրեսին ամեն ռաունդից հետո կես ժամ ուղիղ եթեր տրամադրելու պահանջների կատարումը կլիներ ուղղակի բարի կամքի դրսևորում, ապա Հանրային հեռուստատեսությամբ և մյուս հեռուստաալիքներով Կոնգրեսի հանրահավաքների մասին իրազեկող նյութերի հեռարձակման արգելքի վերացումը, ինչպես նաև հանրահավաքներից առաջ իրավապահ մարմինների կողմից բնակչության ահաբեկման, տարաբնույթ խոչընդոտների հարուցման, մասնավորապես՝ հանրային և այլ տրասնպորտային միջոցների աշխատանքի կազմալուծման դադարեցումը Սահմանադրության և օրենքներից բխող պահանջ է, որը պետք է կատարվեր ցանկացած օրինապաշտ իշխանության կողմից»:
Այնուհետև ՀԱԿ-ի հայտարարությունում ասվում էր. «Պարզվում է, սակայն, որ անգամ ընթացող երկխոսության պայմաններում իշխող կոալիցիան շարունակում է դրսևորել արհամարհանք Հայաստանում գործող Սահմանդրության և օրենքների նկատմամբ, խախտում քաղաքացիների՝ ազատորեն տեղեկություններ տարածելու իրավունքը, խոչընդոտում մասնակցել հանրահավաքներին, ազատ տեղաշարժվել Հայաստանի տարածքում: Դրա վկայությունն է Հայ ազգային կոնգրեսի՝ օգոստոսի 2-ի հանրահավաքի նախօրեին ոստիկանության հարձակումը հանրահավաքի մասին իրազեկում իրականացնող երիտասարդների վրա, ինչի մասին անմիջապես տեղեկացվել է իշխանության պատվիրակության ղեկավար Դավիթ Հարությունյանը: Դրա վկայությունն է նաև հանրահավաքի օրը Հայաստանի մարզերում տրանսպորտի միջոցների աշխատանքի համատարած կազմալուծումը, որի մասին եղան բազմաթիվ հրապարակումներ հայաստանյան լրատվական միջոցներում, և որոնց մասին մեր կառույցների միջոցով հավաքված տվյալները նույնպես այսօր փոխանցում ենք իշխանության պատվիրակությանը»:
Կոնգրեսը ամրագրել էր, որ իշխանության նման կեցվածքը «խորացնում է կասկածները, որ Կոալիցիան իրականում զբաղված է երկխոսության իմիտացիայով և ընդունակ չէ հանուն երկրի ժողովրդավարացման և քաղաքական առճակատման լիցքաթափման իրականացնել անգամ ընդդիմության այն առաջարկները, որոնք ուղղակիորեն բխում են Սահմանադրության և օրենքների պահանջներից»:
Քիչ առաջ «Առաջին լրատվականը» դիմեց կոալիցիայի աշխատանքային խմբի ղեկավար Դավիթ Հարությունյանին՝ խնդրելով մեկնաբանել Կոնգրեսի վերոնշյալ հայտարարությունը և այն փաստը, որ Կոնգրեսը կոալիցիային մեղադրում է երկխոսության իմիտացիայով զբաղվելու մեջ: Դավիթ Հարությունյանը նշեց, թե չի ցանկանում մեկնաբանել այդ հայտարարությունը, սակայն նաև հավելեց. «Եթե իրենք համարում են, որ իմիտացիա է՝ կարող են դադարեցնել երկխոսությունը: Ես չեմ համարում, որ իմիտացիա է: Իսկ ինչ վերաբերում է երեկվա հայտարարությանը՝ ես արտահայտել եմ իմ դիրքորոշումը և ավելացնելու բան չունեմ»: Նա հիշեցրեց, որ երեկ նշել է, թե իրենք Կոնգրեսի բարձրացրած խնդիրների ուսումնասիրությանը հետամուտ են լինելու:









































