Բժիշկ-իմունաբան Վլադիմիր Բոլիբոկը թվարկել է այն սննդամթերքները, որոնք առավել հաճախ են ալերգիկ ռեակցիայի պատճառ դառնում:
Նրա խոսքով, սննդային ալերգիայի դեպքում հաճախ է ատոպիկ դերմատիտ կամ էկզեմա առաջանում: «Ամենից հաճախ դրանք առաջանում են այն սննդամթերքներից, որոնք մարդն առավել հաճախ է օգտագործում: Այսինքն, ամենատարածված ալերգեններն են կովի կաթի, ցորենի, ձավարեղենի, ձվի, թռչնամսի և ձկների տարբեր ալերգենները»,- բացատրել է մասնագետը:
Բոլիբոկը նշել է, որ կա ալերգիայի արտահայտվածության աստիճան հասկացություն: Օրինակ, որոշ մարդկանց մոտ ցիտրուսային մրգեր ուտելը կարող է հանկարծակի եղնջացան առաջացնել: Հազվադեպ, բայց բավականաչափ ուժեղ ալերգեն են նաև ընկույզները:
Բացի այդ, սննդային ալերգիան կարող է ի հայտ գալ մարսողական տրակտի խաթարման ձևով, բայց օրգանիզմի նման արձագանքն անուղղակի է, ինչը դժվարացնում է ախտորոշումը:






































