«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է ԳԱԱ նախագահ Ռադիկ Մարտիրոսյանը։
– Պարոն Մարտիրոսյան, ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայում «Բարձրագույն կրթության և գիտության մասին» օրինագծի վերաբերյալ քննարկում է տեղի ունեցել, որին ներկա է եղել ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը։ Նախկինում ԳԱԱ կարգավիճակի փոփոխության հետ կապված մտահոգություններ ունեիք։ Ակադեմիայի կարգավիճակը կփոխվի՞, թե՞ ոչ։
– Տարբեր ժամանակներում օրենքի տարբեր նախագծեր են քննարկվել՝ սկսած 2019-ի սեպտեմբերից։ Ամեն անգամ այդ փոփոխությունները եղել են մեր բանակցությունների արդյունքում։ Ես կասեի, որ նախորդ նախարարի հետ ավելի երկար և ավելի շատ բանակցություններ, հանդիպումներ են եղել, առնվազն 2-3 անգամ, որոնց շնորհիվ այն վերջնական տարբերակը, որը գտնվում էր ԱԺ-ում, այնտեղ որոշակի փոփոխություններ են արվել ԳԱԱ կարգավիճակի վերաբերյալ։ Իհարկե, սա այն լիովին տարբերակը չէ, որ մենք կուզենայինք ունենալ, որ ԳԱԱ կարգավիճակը ԳԱԱ մասին գոյություն ունեցող օրենքով է նախատեսվում, բոլոր դեպքերում այս հանդիպումների շնորհիվ ինչ-որ բան փոխվել է։ Այսօր էլ այդ կարգավիճակը թույլ է տալիս ակադեմիայի համակարգում ունենալ տարբեր տիպի կառույցներ՝ մեր համակարգում գտնվող ինստիտուտների մասնակցությամբ։
– ԳԱԱ ակադեմիայի կարգավիճակի հարցը լարվածություն էր առաջացրել ձեր և նախարարության միջև։ Հիմա ո՞ր չափով են հարցերը շտկվել։
– Դեռ շտկված չեն, մենք միևնույն է պայքարելու ենք, որպեսզի այս համակարգը լինի։ Ակադեմիան այդպես ինքնանպատակ կազմակերպություն չէ, ակադեմիան գիտական կազմակերպությունների, գիտաշխատողների միասնություն է, մարդիկ աշխատում են նոր գաղափարների վրա, արդյունքներ են ստեղծում, ներդրում անում գիտության, կրթության, մշակույթի մեջ։ Գիտությունն այլապես չի զարգանա։
– Գիտության ֆինանսավորման հարցը արդյոք քննարկվե՞լ է։ Պատերազմից հետո թեև անընդհատ խոսվում է դեմքով դեպի գիտությունը շրջվելու մասին։
– Քննարկել ենք գիտության ֆինանսավորման, գիտական կոչումների հարցեր, քննարկել ենք բարձրագույն որակավորման հանձնաժողովի հարց, մեր ընդհանուր կարծիքն է, որ այն այս օրերին դադարում է գոյություն ունենալուց և տրվում է Գիտության կոմիտեին։ Բացի դրանից, շատ հարցեր ենք քննարկել, և բոլորն էլ միտված են նրան, որ այս փոփոխություններն իրոք նպաստեն գիտության զարգացմանը։
– Կարծում եք՝ այսօր իշխանությունը նման առաջնահերթություն դրե՞լ է իր առջև։ Գիտության զարգացումը որպես անվտանգության կարևոր բաղադրիչ է քննարկվում։ Արդյոք պատերազմն այս առումով կարո՞ղ է դաս լինել։
– Ոչ միայն այս պատերազմը, այլ, ընդհանուր առմամբ, ամբողջ աշխարհում հիմա գնում է այն գաղափարախոսությունը, որ պետք է մեծ ներդրումներ անել գիտության մեջ, որ գիտությունն է ապահովում և՛ անվտանգություն, և՛ տնտեսության, և՛ մշակույթի զարգացում, այս բոլորն առնչվում են գիտության հետ։ Մյուս կողմից, սակայն, խոսել գիտության զարգացման մասին առանց ներդրումների, հնարավոր չէ, գիտությունն ինքն իրեն չի կարող զարգանալ։ Այսօր մեր բոլորի համար, օրինակ, մեր դաշնակից Ռուսաստանի հաջողությունները գիտության բնագավառում, օրինակ, կորոնավիրուսի ասպարեզում, փայլուն կենսաբանների գիտական արդյունքների շնորհիվ ստեղծվել են պատվաստանյութեր, որոնք ամբողջ աշխարհում են տարածվում։ Այդպիսին է նաև պաշտպանության ոլորտում, նոր զինատեսակների ստեղծումը՝ հիմնված ժամանակակից տեխնոլոգիաների վրա։ Այս բոլորը ոչ միայն մարդկանց նվիրված աշխատանքի շնորհիվ, այլ նաև ներդրումներ է ենթադրում, առանց դրա անհնար է։
– Որքանո՞վ կարող ենք գիտության զարգացման արդյունքում հասնել նրան, որ նստած տեղից հնարավոր լինի կառավարել պատերազմը։
– Շատ տարբեր գիտական ուղղություններով պետք է աշխատեն, ինքն իրեն չի ստեղծվում, մեր ներուժը՝ և՛ մասնագիտական, և՛ հնարավորությունների առումով, այդպիսի ժամանակակից զինատեսակներ ստեղծելու համար դժվար է, բայց մենք կարող ենք ուրիշ երկրների հետ, որոնք այդպիսի խնդիրներ են լուծում, համատեղ աշխատել այդ ծրագրերի վրա, որոնք կապահովեն մեր անվտանգությունը և կնպաստեն մեր տնտեսության զարգացմանը։











































