Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը ՀՀ ԱԱԾ տնօրեն Արմեն Աբազյանի և Արցախում ՌԴ խաղաղապահ զորակազմի հրամանատար, գեներալ-լեյտենանտ Ռուստամ Մուրադովի հետ ռուսական զորակազմի վերահսկողության տակ գտնվող տարածքում փետրվարի 12-ին հանդիպել է Ադրբեջանի պաշտոնական ներկայացուցչի հետ՝ ասել է ԱՀ նախագահի մամուլի խոսնակ Լուսինե Ավանեսյանը: «Քննարկվել են գերիների վերադարձին, անհայտ կորածների որոնմանը առնչվող և հումանիտար այլ հարցեր»,- նշել է Ավանեսյանը։
Ում հետ է հանդիպել Արցախի նախագահը՝ չի հաղորդվում։ Ստեփանակերտում խոսում են, որ ավելի վաղ տարբեր հանդիպումներում Արայիկ Հարությունյանն ասում էր, որ շուտով լինելու են ուղիղ շփումներ, և պետք չէ դրանից զարմանալ։ Եվ ահա, տեղի է ունեցել առաջին այդպիսի շփումը։
Քաղաքագետ Ռոբերտ Ղևոնդյանն «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում դրական գնահատեց հանդիպման փաստը՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ տարիների ընթացքում Ադրբեջանը հրաժարվում էր որևէ առնչություն ունենալ Արցախի օրինական որևէ ներկայացուցչի հետ. «Իսկ այս անգամ տեղի է ունեցել նման հանդիպում, որտեղ իհարկե շատ հարցեր կան քննարկելու՝ սկսած գերիների հարցից, վերջացրած հետպատերազմյան իրականությունում Արցախի և Ադրբեջանի շփումների որևէ ձևաչափի շուրջ պայմանավորվելու հարցով։ Ուստի դրական է, որ այդպիսի հանդիպում կա, դրանք պետք է շարունակական լինեն»։
Ղևոնդյանն ընդգծեց՝ նաև չպետք է մոռանալ, որ տարիների ընթացքում Երևանը պնդել է, որ Ադրբեջանը ուղիղ խոսի Արցախի հետ, սակայն հիմա դիրքորոշումը փոքր-ինչ մեղմացել է. «Այստեղ իհարկե կա թաքնված կասկած, որ հնարավոր է Ադրբեջանի ներկայացուցիչը որոշակի առնչություն ունի կոնկրետ Արցախի հետ, այսինքն՝ ադրբեջանցիները փորձում են ցույց տալ, թե նա ներկայացնում է հենց Արցախը, սակայն քանի որ փաստեր չկան, այդ կասկածը դեռևս լուրջ քննարկման առիթ դառնալ չի կարող»։
Մեր այն դիտարկմանը, թե այս հանդիպումը կարո՞ղ է որևէ կերպ նպաստել, որ հետագայում Ադրբեջանը չառարկի նաև Արցախի կարգավիճակի հստակեցմանը, Ղևոնդյանը պատասխանեց. «Գործընթացները տարբեր կարող են լինել։ Բայց քանի որ առաջին անգամ հանդիպում է տեղի ունեցել օրինական ընտրված Արցախի ներկայացուցչի և Ադրբեջանի կողմից նշանակված ներկայացուցչի միջև, այստեղ արդեն Արցախի որոշակի սուբյեկտայնություն Բաքուն ընդունել է։ Դա կարող է օգտագործվել որպես հաղթաթուղթ հենց կարգավիճակի հարցը որոշելու համար։ Այստեղ կարող են խնդիրներ լինել այն դեպքում, երբ Բաքուն հետագայում բացահայտի, որ այդ ներկայացուցիչը Ադրբեջանի պաշտոնական ներկայացուցիչն էր Արցախի համար, այդպիսի մի մեխանիզմ։ Մեր դիվանագիտության աշխատանքը պետք է լինի բացահայտելը, թե ով էր այդ ներկայացուցիչը, և թույլ չտալը, որ այդ մանիպուլյացիան ի կատար ածվի»։
Քաղաքագետ Արմեն Վարդանյանը ևս կարծում է, որ կայացած հանդիպումը դրական է: «Ընդհանրապես նման հանդիպումները ավելի շատ մեր օգտին են, քան Ադրբեջանի։ Պետք է նաև նշեմ, որ այս օրերին Ադրբեջանում ընդդիմադիր հատվածի կողմից մեծ աղմուկ է բարձրացել։ Քննադատում են Իլհամ Ալիևին, թե ինչու են Ադրբեջանի պաշտոնական ներկայացուցիչները հանդիպում Արցախի, իրենց խոսքերով ասած, անջատողական ուժերի ղեկավարի հետ։ Ալիևն այս առումով լուրջ քննադատության թիրախ է դարձել։ Այնպես որ, հանդիպման մեջ որևէ վատ բան չկա, նման հանդիպումները մեզ համար միայն օգտակար են»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց նա։
Միևնույն ժամանակ մեր զրուցակիցն ընդգծեց, որ տեղի ունեցած հանդիպումից հեռուն գնացող եզրակացություններ պետք չէ անել. «Չպետք է մեզ պատրանքների գիրկը գցենք՝ առ այն, թե սրանով Ադրբեջանը ճանաչում է Արցախի սուբյեկտայնությունը։ Ոչ, սա ընդամենը հանդիպում էր, որը նպատակ ունի քննարկելու գերիների ու անհետ կորածների հարցը։ Պետք չէ ընկնել ոգևորության գիրկը, թող Ադրբեջանում քննադատեն իրենց իշխանություններին։ Սա մեր շահերից բխող հանդիպում էր»։







































