Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտը Մանկավարժական համալսարանին միացնելու լուրը իրականությանը չի համապատասխանում։ Այս մասին «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի ռեկտոր Լիլիթ Արզումանյանը։
Հիշեցնենք, որ ավելի վաղ նման լուրեր էին շրջանառվում, ինչի պատճառով ուսանողները երեկ նստացույց էին սկսել ինստիտուտի դիմաց և մտադիր էին ակցիան շարունակել նաև այսօր։ «Ինստիտուտը Մանկավարժական համալսարանին միավորելու լուրը, որն իրականում իրոք օդից կախված էր, որը և մտահոգության ու ընդվզման առիթ դարձավ բուհի ուսանողների շրջանում, չի համապատասխանում իրականությանը: Այսօր մեր բուհում ամեն ինչ հանգիստ է, դասերն ընթանում են բնական հունով»,- ասաց ռեկտորը։
Հիշեցնենք, որ բուհերի միավորման լուրերը սկսեցին շրջանառվել «Բարձրագույն կրթության և գիտության մասին» օրենքի առաջին ընթերցմամբ ընդունումից հետո։ Բացի դրանից էլ, ԿԳՄՍ նախարարը ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ ասել էր, որ «փոքր երկիր ենք, ինչ ենք անում այսքան բուհ»։
Կրթության փորձագետ Սերոբ Խաչատրյանը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում անդրադառնալով բուհերի միավորման թեմային առհասարակ՝ նկատեց, որ դա շատ նուրբ հարց է, և եթե ներկա պահին բուհերը կարողանում են իրենք իրենց պահել, ապա միավորում անելը անիմաստ է, քանի որ դա առաջ է բերելու ավելորդ լարվածություն, կադրային կրճատումներ, աղմուկ։ Բացի դրանից, Խաչատրյանի խոսքով, բուհերի միավորումը չի հանգեցնի նաև կրթության որակի բարձրացման:
«Մենք անընդհատ Պոլիտեխնիկն ու Ճարտարապետաշինարարականը մի քանի անգամ բաժանել ու հետո միացրել ենք, բայց դա առանձնապես բան չի փոխել։ Դրա համար կարծում եմ, որ այս իրավիճակում նման փոփոխություններ պետք չի անել։ Չեմ կարծում նաև, որ բուհերի միավորումը կարող է անդրադառնալ կրթության որակի բարձրացման վրա։ Միակ բանը լինելու է ավելորդ լարվածությունը։ Այս պահին ես նման անհրաժեշտություն չեմ տեսնում»,- ասաց Խաչատրյանը։
Լուսանկարը՝ Photolure-ի








































