Արտահերթ ընտրության հանրային պահանջարկի մասին կառավարող մեծամասնության հայտարարությունը որոշակիորեն փոխում է ներքաղաքական իրավիճակի տրամաբանությունն ու պատկերը, իհարկե ոչ խորքային իմաստով:
Այդուհանդերձ, այժմ ստացվում է վիճակ, երբ այս իշխանության կառավարմամբ ընտրությունը մերժող արմատական ընդդիմությունը դժգոհում է արտահերթ ընտրության օրակարգից հրաժարվելու մեծամասնության որոշումից:
«Հայրենիքի փրկության շարժում» կոչվող միավորման համակարգող Իշխան Սաղաթելյանը հայտարարել է, թե իշխանությունը ցույց է տալիս, որ պատրաստ չէ ընտրության և մտավախություն ունի, որ ընտրության միջոցով վերարտադրության փորձը ձախողվելու է: Այդ դեպքում հարց է առաջանում, թե ինչու էր արմատական ընդդիմությունը մերժում այս իշխանության նախաձեռնությամբ արտահերթ ընտրության անցկացումն ու պահանջում ժամանակավոր, անցումային կառավարություն՝ իր թեկնածու վարչապետով: Մյուս կողմից, իշխող մեծամասնությունը հայտարարում է, որ ընդդիմությունը չընդունեց արտահերթ ընտրության առաջարկը, կամ օրակարգը: Դա այն դեպքում, երբ արմատական ընդդիմության, թերևս, ամենաարմատական դիտվող ուժը՝ Ռոբերտ Քոչարյանը հայտարարեց, որ մասնակցելու է իշխանության կազմակերպած արտահերթ ընտրությանը: Արդյո՞ք Ռոբերտ Քոչարյանին չեն համարում ընդդիմություն, թե՞ հենց այն, որ Ռոբերտ Քոչարյանը հայտարարել է մասնակցելու մասին, իշխանությանը ստիպել է չեղարկել ընտրությունը: Դա իսկապե՞ս մտահոգություն է, որ Քոչարյանը կհաղթի, թե՞ այստեղ իրավիճակը այդքան էլ պարզունակ չէ և վախի կամ անվախության տիրույթում չէ:
Հայաստանի ներքաղաքական կյանքը հետպատերազմյան շրջանում խոշոր հաշվով ծավալվում է Նիկոլ Փաշինյան, Սերժ Սարգսյան և Ռոբերտ Քոչարյան եռանկյունում: Խոշոր հաշվով, այդպես է հեղափոխությունից հետո ընդհանրապես, պարզապես պատերազմից հետո այդ հանգամանքը ստացել է ավելի ինտենսիվ և սուր բնույթ: Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանը մեկտեղ են «Հայրենիքի փրկության շարժում» կոչվող միավորման շրջանակում, սակայն ինչպես պարզվեց այս ընթացքում, նրանք ընտրության առանցքային հարցի շուրջ ունեն տարբեր կարծիքներ: Ռոբերտ Քոչարյանը հայտարարում է, որ իր թիմով մասնակցելու է Նիկոլ Փաշինյանի կազմակերպելիք արտահերթ ընտրությանը, իսկ Սերժ Սարգսյանն իր ՀՀԿ-ով կտրականապես մերժում է Փաշինյանի մասնակցությամբ արտահերթ ընտրությանը ներգրավվելը: Երբ Նիկոլ Փաշինյանը մերժում է արտահերթ ընտրության օրակարգը, թեև անորոշ ժամանակով, այդպիսով փաստորեն, կամա թե ակամա, ուղղակի թե անուղղակի, 17-ի արմատական ընդդիմության կամ այսպես ասած՝ «Հայրենիքի փրկության շարժման» օրակարգում խթանում է Սերժ Սարգսյանի դիրքորոշումը՝ Ռոբերտ Քոչարյանին չտալով նրանից անջատվելու հնարավորություն, որը տեղի է ունենալու արտահերթ ընտրության միջոցով:
Նիկոլ Փաշինյանը փաստորեն պահում է քաղաքական իրադարձությունները փողոցում: Սա հասկանալի է, նա իրեն ուժեղ է զգում այդտեղ, ըստ այդմ՝ փորձում է հնարավորինս ձգել իր առավելությունը արմատական ընդդիմության և մասնավորապես Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ: Մյուս կողմից, այդպիսով նա Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ առավելություն է տալիս նաև 17-ի կամ այսպես ասած՝ «Հայրենիքի փրկության շարժման» մյուս ուժերին և, մասնավորապես, Սերժ Սարգսյանին՝ ՀՀԿ գլխավորությամբ: Այդպիսով, Նիկոլ Փաշինյանը փորձում է որոշակիորեն բալանսավորված խաղալ արմատական ընդդիմության մեջ եղած շահերի բախման վրա և ավելի խորացնել դրանք, քանի որ ժամանակն այդ իմաստով գործում է հենց այդ տրամաբանությամբ: Միևնույն ժամանակ հարց է, թե որքան է ժամանակ ձգելու փաշինյանական ռեսուրսը: Այն, համենայնդեպս, հազիվ թե անսպառ է:









































