Հնարավոր արտահերթ ընտրությանը երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և նրա թիմի մասնակցությունը բարձրացնելու է արտահերթ ընտրության գործընթացի և հնարավոր արդյունքի թեկուզ մոտավոր, հարաբերական կանխատեսելիությո՞ւնը, թե՞ անկանխատեսելիությունը:
Եվ հակառակը, ներկայումս եղած իրերի դրությունն ու հանրային տրամադրությունների հարաբերակցությունը հուշում է, որ երկրորդ նախագահի մասնակցությունը խորհրդարանի ընտրությանը սրելու է «հին ու բարի», իրականում ոչ հին և, թերևս, ոչ էլ բարի «սև-սպիտակը», բևեռացնելով նախընտրական գործընթացը և այդ բևեռացման մեջ խեղդելով առարկայական, գաղափարական, քաղաքական, հայեցակարգային քաղաքական բանավեճի և մրցակցության հնարավորությունը: Ռոբերտ Քոչարյանն իր «ապահովագրված» անհաջողությամբ, մեծ հավանականությամբ, հաջողություն է ապահովելու Նիկոլ Փաշինյանի համար: Այդ իրավիճակը մարտահրավեր է բոլոր այն ուժերի համար, որոնք իրենց հաջողությունը փորձում են փնտրել քաղաքական մրցակցության և բովանդակային բանավեճի ու քննարկումների դաշտում: Թող չհնչի զարմանալի, այդպիսի ուժեր Հայաստանում, այդուհանդերձ, կան: Նրանց համար իրավիճակը մի կողմից նպաստավոր է՝ չունեն բովանդակային լուրջ մրցակիցներ, մյուս կողմից, սակայն, վտանգավոր, քանի որ բևեռացված նախկին-ներկա տրամաբանությունը դեվալվացնում է բովանդակային քաղաքականության արժեքը:











































