Նյու Յորքի նախկին քաղաքագլուխ և միլիարդատեր Մայքլ Բլումբերգը կրկին կդառնա կլիմայի խնդիրներով ՄԱԿ-ի հատուկ դեսպանորդ: Այդ մասին փետրվարի 5-ին հայտնել են համաշխարհային կազմակերպությունում:
2019 թվականի նոյեմբերին Բլումբերգը հեռացել էր այդ պաշտոնից 2020-ին ԱՄՆ-ում կայանալիք ընտրությունների նախագահական ընտրաշավին մասնակցելու համար:
«ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշն այսօր հայտարարեց Մայքլ Բլումբերգի՝ կլիմայի մարտահրավերների հարցերով ԱՄՆ-ի հատուկ բանագնաց վերանշանակվելու մասին, որպեսզի նա այս ոլորտում ավելի հավակնոտ գործողություններ սկսի 2021-ի նոյեմբերին Գլազգոյում կայանալիք COP-26 կլիմայի խորհրդաժողովից առաջ»,- ասվում է հաղորդագրության մեջ:
Կազմակերպությունը նշել է, որ Բլումբերգը «կաջակցի Գլխավոր քարտուղարի՝ այն երկրների, ընկերությունների, քաղաքների և ֆինանսական հաստատությունների կոալիցիան մեծացնելու և ամրապնդելու ջանքերին, որոնք մինչև 2050 թվականը, ըստ Փարիզյան համաձայնագրի, պարտավորվում են վնասակար թափոններն ու արտանետումները հասցնել զրոյական մակարդակի»:
Այս պահին այն պետությունները, որոնց բաժին է ընկնում ընդհանուր վնասակար արտանետումների 65 տոկոսը և որոնք ձևավորում են համաշխարհային համախառն ներքին արդյունքի 70 տոկոսը, ստանձնել են էմիսիայի կրճատման պարտավորություններ՝ մինչև զրոյական մակարդակի: Դրանց թվում են Ճապոնիան, Հարավային Կորեան, Չինաստանը և Եվրամիության երկրները, հաղորդել է ՏԱՍՍ-ը:








































