Միջազգային ասպարեզում Հայաստանի մրցունակությունն ուղղակիորեն կապված է կրթության որակի հետ: Թեմայի շուրջ «Առաջին լրատվական»-ը զրուցել է տնտեսագետ Ելենա Խաչվանքյանի և «Այբ» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Արամ Փախչանյանի հետ:
Փետրվարի 4-ին կառավարությունն ընդունեց Հանրակրթության պետական նոր չափորոշիչների ձևավորման և հաստատման կարգը: Նշվում է, որ նոր չափորոշիչների հիման վրա հնարավոր է լինելու ավելի ճկուն և ստեղծարար մոտեցում դրսևորել, և դպրոցները կկարողանան մշակել իրենց սեփական լուծումները: Որքանո՞վ դա կկարողանա լուծել մեր դպրոցի խնդիրները:
Անդրադառնալով այս հարցին՝ Արամ Փախչանյանը նշեց. «Արդյո՞ք կկարողանա… Փակ դռների ետևում ինչ-որ թուղթ ես մշակում և ասում՝ սրանով գործեք: Ոչ մի փոփոխություն էլ չի լինելու, չափորոշիչները մշակվել են կաբինետային պայմաններում՝ իրականությունից կտրված, դրանք նախ պետք է որոշ դպրոցներում ներդվեր, որպեսզի պարզ դառնար, թե որ չափորոշիչներն են ծուռ և սխալ, ուսուցիչների փորձը հաշվի առնվեր, հետո նոր այդ փորձառությունն օգտագործելով՝ սկսեին տարածել: Իրական կրթական բարեփոխումներն այդպես են արվում, և դրանք պահանջում են տարիներ: Այս չափորոշիչները տեխնիկական քայլ են և կրթության զարգացման հետ ոչ մի կապ չունեն»:
Փախչանյանը հավելեց, որ այս չափորոշիչներում դրական գաղափարներ էլ կան. որոշ ազատականացում կա, վերանայվել է գնահատման սկզբունքը դեպի ճիշտ ուղղություն:
Ելենա Խաչվանքյանի խոսքով՝ ի տարբերություն զարգացած երկրների, մեր երկրում կրթության ոլորտին տրամադրվող ծախսերը փոքր բաժին են կազմում, վերջերս հրապարակված տվյալների համաձայն՝ Հայաստանում կրթության ոլորտին տրամադրվող ծախսերը կազմում են ՀՆԱ-ի 2,7 տոկոսը, այնինչ զարգացած երկրներում այն կազմում է առնվազն 6 տոկոս: «Դա բերելու է նրան, որ մենք կորցնելու ենք մեր պոտենցիալը, այսինքն՝ կորցնելու ենք այն մարդկային կապիտալը, որը կունենա ավելի բարձր արտադրողականություն, կկարողանա նորարարություններ ստեղծել և նպաստել տնտեսական աճին»,- նշեց տնտեսագետը:
Մեր զրուցակիցների դիտարկմամբ՝ եթե կառավարությունը չվերանայի կրթական քաղաքականությունը, մի քանի տարում կկորցնենք պետությունը:
Մանրամասն՝ տեսանյութում:










































